
Աշխարհազորի գործունեությունը կհամակարգեն բանակային կորպուսները
Կառավարությունն աշխարհազորի կարգավիճակի մասին նոր օրենք է մշակում։ Գործադիրում կարծում են, որ հինը չի արդարացնում։ 2020 թ. «Պաշտպանության մասին» օրենքում սահմանվել էին աշխարհազորի նպատակը, կառավարման ձևը և այլն։ Համաձայն դրանց՝ պետք է ստեղծվեին աշխարհազորի զորամիավորներ, բրիգադներ, գումարտակներ և ղեկավարվեին մարզպետների ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալների կողմից։ Վերջիններս նաև պետք է ապահովեին աշխարհազորի կամավոր համալրումը։ Սահմանվեցին համապատասխան հաստիքներ։
Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ համակարգը չի գործում։ Աշխարհազորը հիմնականում ձևավորվում է զինկոմիսարիատների կողմից։ Իսկ աշխարհազորի օրինական ղեկավար մարմինները առնչություն չեն ունենում դրանց ձևավորման հետ։ Չորս տարվա անարդյունավետ աշխատանքը գործադիրը փորձում է փոխարինել այլ մոդելով։
Կարծում են, որ անհրաժեշտ է ունենալ տեղային և կամավորության սկզբունքով ձևավորվող տեղական պաշտպանության ուժեր։ Միայն վարչական մասը չի, որ պատրաստվում են փոխել։ Տեղական պաշտպանության ուժերի ձևավորման գործը կդրվի պաշտպանության համակարգի վրա՝ դրանք կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից։ Գործադիրն ակնկալում է, որ այս մոդելով տեղական պաշտպանության ուժերը ունակ կլինեն աջակցելու ԶՈւ համապատասխան ուժերին կոնկրետ ուղղություններում։
Տեղական պաշտպանության ուժերը կհամալրվեն տվյալ համայնքում հաշվառված, պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված անձանցով կամ կամավոր սկզբունքով, եթե անձը հաշվառումից դուրս է եկել։ Ըստ նախագծի՝ ստորաբաժանումներում ներգրավված անձին կհատկացվի համազգեստ, պատրաստության կամ կիրառման ժամանակ զենք կկցվի։ Նրանք զինծառայողների համար սահմանված կարգով անվճար սնունդ և բժշկական օգնություն կստանան։ Իսկ վարձատրությունը կախված կլինի զբաղեցրած հաստիքից։
Ստորաբաժանումները խաղաղ ժամանակ պատրաստություն կանցնեն՝ համայնքի խնդիրները հաշվի առնելով, համապատասխան զորամասի պատրաստության պլանով։ Նրանց գործողությունը կսահմանվի տվյալ զորամիավորման հրամանատարի կողմից։
Լուսանկարը՝ կառավարության արխիվից
Մեկնաբանել