
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ֆունթ-ստերլինգները
Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը միակ նախարարն է, որ դրամից, դոլարից ու եվրոյից բացի՝ այլ արտարժույթով էլ է իր գումարը պահում: 2011 թվականին նա ունեցել է 37 հազար ֆունթ-ստերլինգ: Իհարկե, նախարարի գումարը միայն ֆունթ-ստերլինգը չէ. նա նույն տարում ունեցել է նաև 42 միլիոն դրամ և 68 հազար դոլար:
Հրաչյա Ռոստոմյանի 2011 թվականի եկամուտներն անհամեմատ զիջում են իր հաշվին եղած դրամի քանակին: Նախարարն ընդհանուր առմամբ ունեցել է 42 միլիոն 871 հազար դրամի եկամուտ, որից 2 միլիոն 621 հազարը աշխատավարձն է, 19 միլիոն 250 հազար դրամը՝ շահաբաժնից ստացածը, իսկ 21 միլիոնը՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտը:
Նույն տարում Հրաչյա Ռոստոմյանը ձեռք է բերել նաև երկու ավտոմեքենա՝ «Մերսեդես S220» և «Հունդայի սոնատա» մակնիշի: Նա, կառավարության որոշման համաձայն, պարտավոր էր իր գույքի և եկամուտների հայտարարագրում նշել նաև ձեռք բերված ավտոմեքենաների արժեքը, սակայն թաքցրել է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ կարծես թե շահագրգռված չէ, որ պաշտոնյաները հայտարարագրերը ներկայացնեն օրենքի տառին համապատասխան, հակառակ դեպքում նախարարից կպահանջեր հայտարարագրել ավտոմեքենաների արժեքները:
Լուսանկարը՝ «Մեդիամաքսից»
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել