HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նշանակումից երկու տարի անց դատարաններում դեռ վիճարկվում է Էջմիածնի մշակույթի պալատի տնօրենի ընտրությունը

Արդեն երկու տարի է՝ Էջմիածնի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը դատարաններում պայքարում է, որպեսզի անվավեր ճանաչվի մշակույթի պալատի գործող տնօրենի հետ կնքված պայմանագիրը, քանի որ նա չի ունեցել համապատասխան  մասնագիտական ստաժ, հետևաբար չէր կարող մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Դատական շրջապտույտից հետո գործը դարձյալ հայտնվել է առաջին ատյանի դատարանում:

Ալվինա Համբարձումյանը 2015թ. հունիսի 12-ից մինչև 2022թ. մայիսի 30-ը ներառյալ, հանդիսացել է Էջմիածնի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենը: Էջմիածնի համայնքապետարանի՝ Վաղարշապատ խոշորացված համայնք դառնալու կապակցությամբ ավագանու որոշումներով՝ ի թիվ այլ ՀՈԱԿ-ների, լուծարվել է նաև Էջմիածնի համայնքապետարանի «Կոմիտասի անվան Մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ը: Այնուհետև, Արմավիրի մարզի Վաղարշապատի համանքապետարանը հայտարարել է մրցույթ՝ «Կոմիտասի անվան մշակույթի պալատի» տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Հայտարարված մրցույթի պարտադիր պայման է համարվել համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը՝ վկայակոչելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (ՏԿԵՆ) համապատասխան հրամանը: 

Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնող հանձնաժողովը որոշել է հայտարարված մրցույթին թույլատրել մասնակցելու Ալվինա Համբարձումյանին և Հասմիկ Ադամյանին: Այնուհետև հաստատվել է մրցույթի մասնակիցների ցուցակը: Ամփոփելով թեստավորման արդյունքները՝ մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել երկու մասնակիցներին էլ: Հաղթող մասնակիցները դիմում են ներկայացրել համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին՝ տնօրենի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ: 

Մրցույթի ամփոփումից անմիջապես հետո՝ նույն օրը, Ա. Համբարձումյանը բողոք է ներկայացրել Վաղարշապատ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Հարությունյանին այն մասին, որ մասնակիցներից Հասմիկ Ադամյանը չունի համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ: Ի լրումն ներկայացված բողոքի՝ Ա. Համբարձումյանը ներկայացրել է նախարարի տեղակալի կողմից իրեն ուղղված գրությունը, ըստ որի՝ համապատասխան բնագավառը իրենից ներկայացնում է համապատասխան ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված գործունեության ոլորտներն ընդգրկող բնագավառներում մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը՝ անկախ բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորումից: Միաժամանակ նախարարի տեղակալը հայտնել է, որ անգլերեն լեզվի ուսուցչի 3 տարվա աշխատանքային ստաժով ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնելու վերաբերյալ հարցադրմանը հստակ դիրքորոշում կարող է ներկայացվել տվյալ անձի անձնական գործի ուսումնասիրությունից հետո միայն։

Սակայն, Վաղարշապատ համայնքի ղեկավարը մրցույթի արդյունքը՝ Հասմիկ Ադամյանի և Ալվինա Համբարձումյանի վերաբերյալ, թողել է անփոփոխ: Որոշումը պատճառաբանվել է այն փաստարկով, որ մրցույթից հետո համայնքապետարանը հարցում է ուղարկել ՏԿԵՆ պարզելու համար, թե արդյո՞ք Հասմիկ Ադամյանը, ունենալով 10 տարվա օտար լեզվի դասախոսի և շուրջ 25 ամսվա համապատասխան բնագավառի աշխատանքային ստաժ, կարող էր մասնակցել մրցույթին, թե՞ ոչ: Ի պատասխան համայնքապետարանի հարցմանը՝  նախարարի տեղակալը պատասխանել է, որ այո, Հասմիկ Ադամյանը կարող էր մասնակցել անցկացվող մրցույթին՝ հաշվի առնելով, որ վերջինս ունի 10 տարվա օտար լեզվի դասախոսի և շուրջ 25 ամսվա համապատասխան բնագավառի աշխատանքային ստաժ: 

Դրանից հետո Հասմիկ Ադամյանը նշանակվել է Վաղարշապատի համայնքապետարանի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ»-ի տնօրեն: Ալվինա Համբարձումյանը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով մասնակի անվավեր ճանաչել Հասմիկ Ադամյանին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին որոշումը և կիրառել անվավերության հետևանքներ, այն է՝ լուծել Հ. Ադամյանի հետ 5 տարի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: Դատարանը՝ նախագահությամբ Գոհար Ֆիդանյանի, 2023թ. հունիսի 30-ին մերժել է հայցը, ինչից հետո Ալվինա Համբարձումյանը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Վերադաս դատարանը 2024թ. փետրվարին Ա. Համբարձումյանի բողոքը բավարարել է՝ մասնակի բեկանելով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կարևոր է համարել այն հանգամանքը, որ  գործի նյութերում բացակայում է «Կոմիտասի անվան մշակութային պալատ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը։ Այդ պայմաններում, հաշվի առնելով նախարարի տեղակալի գրությունները, որոնք հասցեագրված են մեկը Ալվինա Համբարձումյանին, մյուսը՝ Վաղարշապատի համայնքապետարանին, հիմք չէ, որ «Կոմիտասի անվան մշակութային պալատ» ՀՈԱԿ-ը կանոնադրությամբ օժտված է իրականացնելու օտար լեզուների ուսուցում։ 

«Ավելին, օտար լեզվի ուսուցում իրականացնելը բոլոր դեպքերում ավտոմատ կերպով չի կարող համարվել մշակութային գործունեություն, քանի որ օտար լեզու սովորելը շատ հաճախ կարող է կապված լինել բնակության վայրը փոխելու կամ, օրինակ, օտարերկրյա բիզնես գործընկերոջ հետ ավելի հեշտ կոմունիկացվելու անհրաժեշտության հետ և այս դեպքերում խիստ վիճահարույց է պնդումը, որ օտար լեզու ուսուցանողը իրականացնում է մշակութային գործունեություն»,- եզրակացրել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանը։

Այնուամենայնիվ, դատարանը, չժխտելով, որ օտար լեզվի ուսուցումը նույնպես կարող է շաղկապված լինել մշակութային արժեքների և գործունեության հետ՝ կապված օտար մշակույթի ընկալման և տեղայնացման անհրաժեշտության հետ, անհրաժեշտ է համարել պարզել՝ արդյո՞ք կանոնադրությամբ հիշյալ ՀՈԱԿ-ի գործունեության ոլորտ է հանդիսանում նաև օտար լեզուների ուսուցանումը, արդյո՞ք դրա շրջանակներում նշված ՀՈԱԿ-ը փաստացի իրականացնում է օտար լեզուների ուսուցանում. արդյո՞ք այդ օտար լեզվի ուսուցանումը միտված է օտար լեզվով այլ մշակութային արժեքների յուրացմանը։

Դատարանը որոշել է, որ միայն նշված հարցերի պարզաբանման պարագայում է հնարավոր գալ վերջնական եզրահանգման, թե արդյո՞ք 10 տարի օտար լեզու դասավանդող անձն ունի համապատասխան բնագավառի աշխատանքային փորձ։ 

Վաղարշապատի համայնքապետարանը, դժգոհ լինելով վերադաս դատարանի որոշումից, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն բողոքը մերժվել է:

Ալվինա Համբարձումյանի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Կոմիտասի անվան մշակութային պալատ» ՀՈԱԿ-ն իրականացնում է  մշակույթի բնագավառում կրթական գործունեություն և հարկային ծառայության միասնական հարթակում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այդ դասիչով բացառվում է օտար լեզուների դասընթացները: Բացի այդ, ըստ փաստաբանի՝ ՀՈԱԿ-ի կանադրության մեջ ևս բացակայում է օտար լեզուների ուսուցումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter