
Հնագետներն անտիկ Արտաշատ մայրաքաղաքում հայտնաբերել են Հայաստանի հնագույն եկեղեցին
2018թ․-ից անտիկ Արտաշատ մայրաքաղաքում պեղումներ իրականացնող հայ-գերմանական հնագիտական արշավախումբն այս տարի հսկայական կառույց է պեղել, որի միայն ճարտարապետական շինության տարածքը մոտ 1000 մ² է։ «Պեղված կառույցի և՛ ճարտարապետությունը, և՛ այնտեղից հայտնաբերված հնագիտական գտածոները մեզ թույլ են տալիս բավականին հիմնավորված ենթադրություն անել, որ այն եկեղեցի է»,- հայտնեց հայ-գերմանական հնագիտական արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը։
Կառույցը Արտաշատ Ստորին քաղաքի տարածքում է, անմիջապես բլուրների հարեւանությամբ տեղակայված դաշտավայրում, Խոր Վիրապ վանքից հարավ-արեւելք և հարավ-արեւմուտք։ Արշավախմբի համաղեկավար, Մյունստերի համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգերը հայտնել է, որ 4-րդ դարի այս կառույցը Հայաստանի հնագիտորեն փաստագրված ամենավաղ շրջանի եկեղեցին է, վաղ Քրիստոնեության շրջանի մի սենսացիոն վկայություն։
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանն ասում է, որ այն բնութագրելու համար արշավախմբում ներգրավված գիտնականները դիտարկել են Մերձավոր Արեւելքում հայտնի նմանատիպ բոլոր կառույցները՝ սկսած զորակայանից մինչեւ շուկա։ Ուսումնասիրել են պեղված կառույցի հատակագծային մանրամասները և բոլոր դետալների համադրությունից հետո կասկածի տեղիք չի տվել նրա հոգեւոր գործառույթը։ Եզրահանգել են, որ պեղվածը եկեղեցի է։
«Սա ֆանտաստիկ հնագիտական գտածո է։ Այն 1000 մ² տարածքով կառույց է, որի կենտրոնը ութանկյուն է, այսպես կոչված՝ օկտագոն, չորսը՝ ելուստներով, խաչաձեւ տեղակայված է արեւելք-արեւմուտք և հարավ-հյուսիս ուղղությամբ։ Այն կառուցված է կրաշաղախով, տեղական քարից եւ, ամենայն հավանականությամբ, ունեցել է հարթ, սվաղված պատեր։ Պատերը տարբեր բարձրությամբ են պահպանվել, որոշ հատվածներում հասնում են 2.6 մետրի, որոշ տեղերում՝ մոտ կես մետրի»,– նկարագրում է հնագետը։
Գտածոների տեսակն ու որակը հնագետներին թույլ է տալիս ասելու, որ եկեղեցին բավականին ճոխ ինտերիեր է ունեցել։ Տեղում մեծ քանակությամբ մարմարի գտածոներ են հայտնաբերվել՝ երեսպատման հղկված մակերեսով, նաեւ քանդակազարդ մարմարի տարբեր բեկորներ՝ քիվեր, խոյակների կտորներ, խաչի պատկերի մի բեկոր։ Հնագիտական նյութերի մեջ քիչ քանակի կենցաղային կահկարասի կա, ինչը նույնպես արշավախմբին հիմք է տալիս ասելու, որ այն հանրային նշանակության կառույց է, ոչ թե կենցաղային։
Եկեղեցին բավականաչափ բարձրություն է ունեցել և կղմինդրածածկ է եղել։ Տոննաներով կղմինդրի շատ խոշոր բեկորներ են հայտնաբերվել տեղում, ողջ հատակի վրա փռված են շերտերով այրված գերաններ, դրանք ամրացնող մեխեր եւ վրայից կղմինդրի շերտեր։ «Սա վկայում է կառույցի հրդեհվելու մասին։ Ընդ որում, զանգվածային հրդեհման մասին է խոսքը, տեղեր կան, որտեղ մոխրի ու ածուխի հաստությունը մոտ կես մետրի է հասնում։ Ունենք նաեւ վկայություններ, որ հրդեհից որոշ ժամանակ անց շինությունը վերակառուցվել է»,– հայտնեց պրն Զարդարյանը։
Նրա համոզմամբ՝ եկեղեցին հետագայում նաև ավերածությունների է ենթարկվել։ Հնագետը խորապես համոզված է, որ եկեղեցու քարերը հարյուրամյակների ընթացքում օգտագործվել են հարեւան գյուղերը կառուցելու ժամանակ։ «Այնպես որ, եթե մենք ունենք թեկուզ կես մետր պահպանված պատեր, դա իսկապես Աստծու շնորհ է, որովհետեւ կարող էր ուղղակի պահպանված չլինել։ Պետք է շնորհակալ լինենք մեր հողին, որն առ այսօր մեզ տրամադրում է նման գտածոներ»,– նշում է արշավախմբի ղեկավարը։
Կառույցի արեւմտյան և արեւելյան հատվածների չորս ելուստներից երեքում սոճու փայտից սարքված շատ խոշոր չափերի գերաններ են բացվել, որոնք օգտագործվել են առաստաղի համար։ Փայտե բարձրահարթակների ռադիո-ածխածնային քննության արդյունքներով հնագետները եկեղեցին թվագրել են 4-րդ դարի առաջին կեսի սահմաններում։
«Մենք դեռեւս սպասում ենք հավելյալ տվյալների, որոնք կօգնեն ճշգրտելու, թե երբ է կառուցվել եկեղեցին, երբ է հրդեհվել եւ երբ է վերականգնվել։ Լաբորատոր հետազոտություններն արվում են Գերմանիայում, որովհետեւ Հայաստանում չկան անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաեւ՝ մասնագետներ։ Արդյունքներն, ամենայն հավանականությամբ, կունենանք տարեվերջին կամ մյուս տարվա սկզբին»,– հայտնեց պրն Զարդարյանը։
Հնագետը նշում է, որ Արտաշատում գոյություն ունեցած եկեղեցու մասին կան նաեւ գրավոր աղբյուրներ։ Պատմիչ Փաստոս Բյուզանդը, նկարագրելով Հուսիկ կաթողիկոսի՝ Կապադովկիայի Կեսարիայում ձեռնադրվելուց հետո Հայաստան վերադարձը, հիշատակում է, որ նրան դիմավորելու էին դուրս եկել Տիրան արքան և հայկական արքունիքը։ Նրանք Արտաշատից անցնում են Տափերականի կամուրջը, Արաքսի մյուս ափին դիմավորում են կաթողիկոսին, Տափերականով վերադառնում են ու նրան նստեցնում Արտաշատի եկեղեցում։
Արտաշատի քարե սպիտակ եկեղեցու մասին հիշատակություն կա նաեւ 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի մոտ։ Պատմիչը Արտաշատի եկեղեցին այսպես է նկարագրում՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Ընդ որում, դա Խոր Վիրապը չէ, որը բավականին ուշ շրջանի՝ 17-րդ դարի կառույց է։
Պրն Զարդարյանն ընդգծում է, որ այս կառույցի ճարտարապետությունը բավականաչափ եզակի է Հայաստանի համար։ «Վաղբյուզանդական ճարտարապետության մեջ՝ կլինի դա Փոքր Ասիայում, Սիրիայում, Պաղեստինում, անգամ Իտալիայում, նման ութանկյուն 4 ելուստներով կառույցներ հայտնի են։ Հայաստանի համար դա շատ հազվագյուտ ճարտարապետական հորինվածք է»,- ասում է նա։ Հնագետը միանգամայն օրինաչափ է համարում ճարտարապետական ազդեցության արդյունքը, որովհետև հայկական եկեղեցին ի սկզբանե կապված է եղել Կապադովկիայի, Պաղեստինի հետ։ Արշավախմբի ղեկավարը հիշեցնում է, որ մի քանի հարյուրամյակ հայ կաթողիկոսները ձեռնադրվում էին Կապադովկիայի Կեսարիայում։ Այդ ավանդույթը գալիս էր դեռևս Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների ժամանակներից։
Արշավախումբն այդ տարածքում պեղումներն անցած տարի է սկսել՝ հիմնվելով գեոֆիզիկական հետազոտության տվյալների վրա։ Մինչև գեոֆիզիկական հետազոտություն իրականացնելը հողի մակերեսին նկատել էին պատերի հատվածներ, որոնք լվացվել էին ժամանակի եւ ջրի հոսքերի արդյունքում։ Դրանք ամբողջացրել են գեոմագնիսական հետազոտության տվյալներով եւ, ի վերջո, ի հայտ եկավ այն կառույցը, որն այսօր քննարկվում է ինչպես գիտական, այնպես էլ հանրության շրջանակում։
Պրն Զարդարյանը պատմում է, որ երբ արշավախումբն ուսումնասիրում էր ուղղանկյուն ելուստներից մեկը՝ հարավայինը, որպեսզի պարզեր, թե ինչ խորություն ունի եկեղեցու հիմնապատը, բացվել է Արտաշատի ամենավաղ պարիսպներից մեկի հատվածը։ «Այս հատվածով անցնում էր շատ խոշոր քարերից կառուցված Արտաշեսյան պարսպի մի կտոր։ Համապատասխան նյութեր գտնվեցին այնտեղ, և այն մի հետաքրքիր կամուրջ եղավ Արտաշատի սկզբի եւ արդեն քրիստոնյա Արտաշատի միջև։ Արտաշատի կառուցումից հետո, երբ արդեն այս պարիսպը ժամանակավրեպ է դարձել, հետագայում հենց նրա վրա է դրվել այս եկեղեցին»,- ասում է Մկրտիչ Զարդարյանը։
Անտիկ Արտաշատում արշավախումբն այս տարի արդեն դադարեցրել է աշխատանքները։ Պեղաշրջանի վերջում տարածքը կրկին ծածկել են հնագիտական մնացորդների վրա եղանակի ազդեցությունը նվազագույնի հասցնելու և պեղավայրը մարդկային միջամտությունից զերծ պահելու համար։ Արշավախումբն առաջիկա մի քանի տարիներին պեղումները կշարունակի։ Պրն Զարդարյանն անհրաժեշտ է համարում այս եզակի և հսկայածավալ կառույցը կոնսերվացնելուց եւ մասնակի վերականգնելուց հետո հանրությանը ներկայացնելը։
Լուսանկարները տրամադրել է արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը
Մեկնաբանել