
Թեհրանում քիչ հավանական են համարում Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածելը
Իսրայելը դժվար թե համարձակվի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։ Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։ Նրա խոսքով՝ Հրեական պետության սպառնալիքները «դատարկ են և անհանգստություն չեն առաջացնում Թեհրանում»։
«Նախ, շատ քիչ հավանական է, որ դա տեղի կունենա, երկրորդ՝ նման հիմարության դեպքում շատ քիչ հավանական է, որ դրանք որևէ լուրջ վնաս կհասցնեն Իրանին, և երրորդ՝ նույնիսկ վնասի դեպքում երկիրը կկարողանա շատ արագ վերականգնել ամեն ինչ»,- ասել է Քամալվանդին՝ ի պատասխան Nour News պորտալի թղթակցի այն հարցին, թե արդյոք Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։
Քամալվանդին հավելել է, որ իսրայելական սպառնալիքները ոչ մի անհանգստություն չեն առաջացնում Իրանում, սակայն Թեհրանն ամեն դեպքում զգոն է մնում:
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռակոծության էր ենթարկել Իսրայելի տարածքը՝ ի պատասխան ՀԱՄԱՍ, Հեզբոլահ շարժումների ղեկավարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առանցքային անձանց սպանություններին: Թեհրանում հայտարարել էին, որ հրթիռների 90 տոկոսը հաջողությամբ խոցել են նախատեսված թիրախները, սակայն Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել, և դրանց մեծ մասը խոցվել է իսրայելական ՀՕՊ համակարգերի կողմից: Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբը խոստացել է պատասխանել հարված հասցնել Իրանին։
Լուսանկարը՝ Atta Kenare/AFP
Մեկնաբանել