
Մակրոնն ու Նեթանյահուն անուղղակի բանավեճի մեջ են մտել Իսրայելի ստեղծման վերաբերյալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախարարների խորհրդի փակ նիստում հայտարարել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն պետք է հիշի, որ Իսրայելը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ։ Այդ մասին գրում է Le Parisien-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ այդ նիստը կայացել է հոկտեմբերի 15-ին։
«Պարոն Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ, ուստի այն չպետք է զերծ լինի ՄԱԿ-ի որոշումներից»,- Մակրոնի խոսքերը մեջբերել է ֆրանսիական այս պարբերականը։ Մակրոնի համանման արտահայտության մասին գրել է նաև AFP գործակալությունը։
Ֆրանսիայի նախագահը, հավանաբար, նկատի ուներ 1947 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի այն քվեարկությունը, որին կողմ քվեարկած երկրները հաստատել էին իրենց աջակցությունը Պաղեստինը արաբական և հրեական անկախ պետությունների բաժանման վերաբերյալ:
Ինչպես նշում է Le Parisien, Մակրոնի հայտարարությունը «հրապարակման համար նախատեսված չի եղել»։
Իսրայելի վարչապետը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի այս հավանական հայտարարությունը: Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը ստեղծվել է իր անկախության համար պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ:
«Հիշեցնում եմ Ֆրանսիայի նախագահին. Իսրայել պետությունը ստեղծվել է ոչ թե ՄԱԿ-ի բանաձևով, այլ Անկախության պատերազմում հերոսական մարտիկների արյամբ ձեռք բերված հաղթանակով, որոնցից շատերը վերապրել են Հոլոքոստը, այդ թվում՝ փրկվել Ֆրանսիայում Վիշիի ռեժիմից»,- Նեթանյահուի խոսքերը մեջբերել է The Times of Israel-ը։
Le Monde-ն էլ նշում է, որ Մակրոնի և Նեթանյահուի հարաբերություններում լարվածությունն աճել է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ Իսրայելի կողմից Գազայի հատվածում և Լիբանանում օգտագործվող զենքի արտահանման դադարեցման օգտին: Նախագահ Մակրոնի կարծիքով՝ դա ռազմական գործողությունները դադարեցնելու միակ միջոցն է։
Հոկտեմբերի 6-ին երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում Նեթանյահուն Մակրոնին հայտարարել էր, որ դեմ է միակողմանի հրադադարին, որը չի փոխի անվտանգության իրավիճակը Լիբանանում:
Լուսանկարները՝ Getty Images-ից
Մեկնաբանել