
«Ես եզդի եմ ու Հայաստանը շատ շատերից ավելի շատ եմ սիրում»
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Սաիդ Ավդալյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ներկայումս հայ հանրության մոտ ձևավորվել է մի կարծրատիպ, թե եզդի ընտանիքները շատ վաղ հասակից են իրենց երեխաներին ամուսնացնում: «Իհարկե, դա իրականությանը չի համապատասխանում: Չեմ ժխտում, կան որոշ եզդիական ընտանիքներ, որոնք իրենց երեխաներին շատ շուտ են ամուսնացնում, բայց ոչ մի ընտանիք էլ «կրակը չի ընկել» իր երեխայի ձեռքը, որ շուտ ամուսնացնի: Այդ սխալ կարծրատիպը ձևավորվել է ոչ ճիշտ նկարագրման արդյունքում»,- ավելացրեց Սաիդը:
Եզդիների ամուսնության հարցը վերջին օրերին լայնորեն քննարկվեց, երբ կառավարությունն առաջարկեց օրենսդրական փոփոխություն կատարել եւ աղջիկների ու տղաների համար ամուսնական տարիք սահմանել 18-ը: Գործող օրենքով աղջիկների ամուսնությունը թույլատրվում է 17 տարեկանից:
Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը այս թեմայով ասել էր, թե եզդի աղջիկը ազգային սովորության համաձայն շուտ է ամուսնանում, եւ իրենց ազգի համար 18 տարեկան աղջիկն արդեն «պառավ է»:
«Եզդիների մոտ երիտասարդներին վաղ տարիքից ամուսնացնելը հիմնականում պայմանավորված է դեմոգրաֆիական խնդրով: Շատ քիչ թիվ ենք կազմում. Հայաստանում, պաշտոնական տվյալների համաձայն, եզդիների թիվը հասնում է 40 հազարի, իսկ ողջ աշխարհում` 2 - 2.5 մլնի: Սա է հիմնական խնդիրը, որ Հայաստանում բնակվող որոշ եզդիական ընտանիքներ իրենց երեխաներին վաղ են ամուսնացնում` փորձելով այդ կերպ նպաստել ազգի գենոֆոնդի մեծացմանը: Նորից եմ կրկնում` դա որոշ ընտանիքներ, իսկ ինչ վերաբերվում է եզդիների մեծամասնությանը, ապա նրանք կտրականապես դեմ են արտահայտվում վաղ ամուսնություններին»,-ավելացրեց Սաիդ Ավդալյանը:
Նրա խոսքերով` այսօր եզդի երիտասարդների մեծ մասը ավելի շատ ձգտում է կրթություն ստանալ, իրենց համար աշխատանք գտնել ու կարիերա ստեղծել, քան թե ամուսնանալ վաղ տարիքում ու կանգնել մի շարք խնդիրների առջեւ:
«Այսօր շատ եզդի տղաներ ու աղջիկներ ձգտում են իրենց տեղը գտնել կյանքում, ինքնահաստատվել ու նոր միայն մտածել ամուսնության մասին: Ժամանակները փոխվում են ինչպես մյուս ազգերի, այնպես էլ եզդիների մոտ: Ճիշտ է, չպետք է մոռանալ անցյալը, բայց միեւնույն ժամանակ պետք է անցյալը համապատասխանեցնել ներկային ու հիմք ստեղծել ապագայի համար»,-ավելացրեց Սաիդը:
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ-ի նախագահին վրդովեցրել է հատկապես համացանցում հայ երիտասարդների քննարկումները, որոնք ազգայնամոլական եւ շովինիստական են, թե իբր «եզդիները պիտի լքեն մեր երկիրը»:
«Իմ անունը Սաիդ Ավդալյան է: Ես ազգությամբ եզդի եմ, ու հանդիսանում եմ ՀՀ լիիրավ քաղաքացի, ինչպես որ ՀՀ-ում ապրող ազգությամբ հայերը: Ունեմ նույն այն իրավունքները, ինչ որ մյուս բոլոր հայերը, ասորիները, հույները եւ այլն: Հետեւաբար, ես Հայաստանը համարում եմ իմ երկիրը, իմ հայրենիքը: Ճիշտ է, եզդիների բնօրրանը համարվում է Հս.Իրաքը, այն միշտ էլ կմնա իմ սրտում, սակայն այս դեպքում ես իմ հայրենիքն եմ համարում այն երկիրը, որտեղ ծնվել, մեծացել, կրթություն եմ ստացել. տվյալ դեպքում դա Հայաստանն է: Պատրաստ եմ ցանկացած գործողությունների ի շահ իմ երկիր Հայաստանի ու նրա բնակչության` եզդիների, հայերի ու մնացած բոլոր ազգերի»,-ասում է Սաիդը:
Սաիդը հիշեցնում է, որ եզիդները միշտ հայերի կողքին են եղել, եւ դա ապացուցել է պատմությունը: Նա հիշեցնում է Իգդիրի ճակատամարտը, առաջին աշխարհամարտի ժամանակ եզդիների օգնությունը հայ ժողովորդին, Ջահանգիր աղայի ու Անդրանիկ փաշայի ղեկավարությամբ 1915թ.-ի իրադարձությունների ժամանակ Վանի, Ալաշկերտի, Սուրմալուի ու այլ շրջանների հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը, Մայիսյան հերոսամարտերը, մասնավորապես` Բաշ-Ապարանում ու Սարդարապատում, Կարսում ու Սարիղամիշում:
«Վերջին 4 ճակատամարտերում եզդիական 2000-3000 հոգանոց հեծյալները Ջահանգիր աղայի եւ Ուսուբ բեկի գլխավորությամբ կռվեցին թշնամու դեմ: Ճակատամարտի թեժ պահին եզդի Ջահանգիր աղան սպանում է հայերի թշնամի, թուրքական զորքերի հրամանատար Ֆերիկ փաշային: Ղարաբաղյան պատերազմ, որի ընթացքում բազմաթիվ եզդիներ, այդ թվում նաեւ իմ 33 տարեկան հորեղբայրը ու 25 տարեկան եղբայրը զոհվեցին, կյանքները չխնայեցին իրենց հայրենիքի` Հայաստանի փրկության համար: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում իմ մյուս հորեղբայրը 11 տոննա միս է անվարձահատույց տվել պատերազմի մասնակիցներին: Ոչ մեկն իրավունք չունի սեպ խրելու դարերի խորքից եկած հայ-եզդիական բարեկամության միջեւ: Հայաստանը ինչպես հայերի երկիրն է, այնպես էլ իմ երկիրը, այնպես էլ եզդիների հայրենիքն է, ինչ կապ ունի դու հայ ես կամ ես եզդի եմ: Հայաստանի Հանրապետությունում ազգային պատկանելություն չկա: Ես եզդի եմ ու Հայաստանը շատ շատերից ավելի շատ եմ սիրում»,- ավելացրեց Սաիդ Ավդալյանը:
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել