
Նիկարագուան խզում է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ
Նիկարագուայի կառավարությունը նախագահ Դանիել Օրտեգայի կարգադրությամբ սկսել է Իսրայելի հետ հարաբերությունների խզման գործընթացը։ Այդ մասին հայտարարել է Նիկարագուայի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլյոն։
«Մեր նախագահը Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը կարգադրել է կատարել ազգային խորհրդարանի խնդրանքը և ձեռնամուխ լինել Իսրայելի ֆաշիստական ու ցեղասպան կառավարության հետ դիվանագիտական հարաբերությունների խզմանը»,- պետական Canal 4 հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մուրիլյոն։
Նրա խոսքով՝ հարաբերությունների խզման մասին հրամանագիրը կհրապարակվի առաջիկա ժամերին:
Ուրբաթ առավոտյան Նիկարագուայում տեղի էր ունեցել Ազգային ժողովի հերթական նիստը, որի ընթացքում պատգամավորները դատապարտել և մերժել էին Իսրայելի կառավարության ռազմական գործողությունները և կոչ արել կառավարությանը խզել դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ:
Անցած տարվա հոկտեմբերի 7-ից, Իսրայել-պաղեստինյան հակամարտության սրումից ի վեր, Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին հայտարարել են Կոլումբիան, Բոլիվիան և Բելիզը։ Այդ քայլին դիմելու կոչ են արել նաև Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանում: Բահրեյնն Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին և դադարեցրել տնտեսական հարաբերությունները Հրեական պետության հետ:
Լուսանկարը՝ Elemaki/Wikimedia Commons
Մեկնաբանել