HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսողության համաշխարհային օրն է․ «Երեխանե՛ր, կարեւորե՛ք ձեր տեսողությունը»

Այսօր տեսողության համաշխարհային օրն է: «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը ՀՀ առողջապահության նախարարության եւ այլ գործընկերների հետ գործակցությամբ Տեսողության համաշխարհային օրը նշում է 2003թ.-ից՝ առաջնորդվելով երկրի առաջնահերթություններով եւ Vision2020-ի կողմից ներկայացված տվյալ տարվա կարգախոսով: Այս տարվա կարգախոսն է՝ «Երեխանե՛ր, կարեւորե՛ք ձեր տեսողությունը»: Այս մասին հայտնում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամը։

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ) 2004թ-ից ի վեր Հայաստանում իրականացրել է շուրջ 250.000 երեխաների ակնային զննում: Արդեն մի քանի տարի ՀԱՆ-ը իր գործընկերների հետ աշխատում է դպրոցականների ակնային սկրինինգն առավել արդյունավետ և թիրախային դարձնելու ուղղությամբ։ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հետ գործակցությամբ մշակվել է դպրոցականների ակնային զննման մեթոդաբանություն, որը  փորձարկվել է հինգ մարզերում: Ծրագիրն այժմ իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ համատեղ։ Այս ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում դպրոցական բուժքույրեր եւ մանկական ակնաբույժներ են վերապատրաստվում՝ իրականացնելու երեխաների ակնային զննումները, խորացված հետազոտությունը եւ բուժումը: 2024թ. սկզբից ՀՀ երեք մարզերում (Արագածոտն, Կոտայք եւ Արմավիր) արդեն ակնային զննում են անցել ավելի քան 7.700 դպրոցականներ, որոնցից շուրջ 2.000-ի մոտ ակնային շեղման կասկած կա, նրանք ուղեգրվել են խորացված հետազոտության:

Ծրագիրը շարունակվում է, ՀՀ ողջ տարածքում նախատեսվում է 30.000 երեխաների ակնային զննում, խնդիր ունեցողներին՝ ուղեգրում եւ բուժում, ծնողների, երեխաների եւ դպրոցական անձնակազմի հանրային կրթության միջոցառումներ:

Դպրոցականների ակնային զննման եւ ուղեգրման մեթոդաբանությունն ընդունվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից և նախատեսված է ընդգրկվել դպրոցական տարեկան սքրինինգային ծրագրերի մեջ:

Իր ընթացիկ աշխատանքներին զուգահեռ ՀԱՆ-ն այս շաբաթվա ընթացքում իրականացրել է նաեւ հանրային կրթության միջոցառումներ, աշակերտներին բաժանվել են ՀԱՆ-ի հեղինակած «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական ձեռնարկը և «Տեսունիկ» թիմային ինտելեկտուալ խաղը՝ նախատեսված 9 տարեկանից բարձր երեխաների համար։ Անցկացված միջոցառումների ամենաակտիվ մի քանի աշակերտներ կմասնակցեն  դպրոցներում իրականացվող երեխաների ակնային զննմանը՝ որպես դպրոցի բուժքրոջ օգնական։ Աշակերտներին կբաժանվեն տեղեկատվական թերթիկներ տեսողությանը վերաբերող հետաքրքիր փաստերով։

Այսօր երիտասարդների համար կանցկացվի առցանց վեբինար՝ ներկայացնելու տեսողության շտկման արդի մեթոդները՝ ակնոցներ, լինզաներ, լազերային միջամտություն, երիտասարդների շրջանում տարածված ակնային խնդիրները եւ դրանց բուժումը։

Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալներով՝ աշխարհում 1.1 միլիարդ մարդու համար ակնային խնամքը հասանելի չէ, եւ վերջիններս տեսողության լուրջ խնդիր ունեն: Տեսողությունը կորցրած մարդկանց 90%-ն ապրում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում, իսկ չբուժված թույլ տեսողության պատճառով ամեն տարի աշխարհում 411մլդ դոլարին համարժեք արտադրողականության կորուստ է լինում:

ՀԱՆ-ը 2003թ.-ից ի վեր ակնաբուժական հետազոտություններ եւ բուժում է իրականացնում ՀՀ մարզերի բնակչության շրջանում: ՀԱՆ-ը Աչքի շարժական հիվանդանոցում եւ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում իրականացրել է շուրջ 500.000 ակնային ստուգում, կատարել է շուրջ 35.000 ակնային վիրահատություն եւ լազերային միջամտություն, բաժանել է շուրջ 87.000 ակնոց: 

ՀԱՆ-ի երկարամյա աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է՝ քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն:

50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50-ից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները (23.8%): Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով>,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter