
ԱՄՆ-ն ու արաբական երկրները գաղտնի բանակցություններ են վարում Իրանի հետ. իսրայելական լրատվամիջոցներ
ԱՄՆ կառավարությունը արաբական մի քանի երկրների հետ միասին գաղտնի բանակցություններ է վարում Իրանի հետ՝ Մերձավոր Արևելքում հրադադարի և խաղաղության վերականգնման շուրջ: Այդ մասին հայտնում է Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը։
Նախաձեռնությունը նախատեսում է կողմերի հաշտեցում՝ «միաժամանակ բոլոր ճակատներում»։ Ընդ որում, Իսրայելն այդ բանակցությունների կողմ չի հանդիսանում, սակայն տեղեկացված է դրանց ընթացքի մասին։
Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելի կառավարությունը ԱՄՆ-ին դեռևս չի հայտնել նման խորհրդակցությունների վերաբերյալ իր դիրքորոշման մասին: «Ներկայում մենք գտնվում ենք ուժի դիրքում, կրակի դադարեցումը կլինի մեր պայմաններով, այդ թվում՝ Էլ Լիտանի գետից այն կողմ Հեզբոլահի ուժերի տեղակայումը և սահմանի մոտ Հեզբոլահի ռազմական ողջ ենթակառուցվածքի ոչնչացումը»,- հեռուստաընկերությանը հայտարրաել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Արևմտյան բարձրաստիճան դիվանագետն էլ իսրայելական այս հեռուստաալիքին հայտնել է, որ Լիբանանի դիրքորոշումը սկսել է փոխվել Իսրայելի հետ հաշտվելու և Գազայի հատվածում կրակը դադարեցնելու պահանջից հրաժարվելու օգտին այն բանից հետո, երբ իսրայելական օդուժը սկսել է հարվածներ հասցնել Բեյրութին:
Հոկտեմբերի 2-ին Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին և վարչապետ Նաջիբ Միկաթին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին Իսրայելի հետ սահմանային խնդիրների կարգավորման շուրջ բանակցությունների մեջ մտնելու համար 21-օրյա զինադադար կնքելու պատրաստակամության մասին: Հեզբոլահի գլխավոր քարտուղարի տեղակալ շեյխ Նաիմ Քասեմը հայտարարել էր նախաձեռնությանն աջակցելու մասին:
Լուսանկարը՝ Carlos Barria/POOL/AFP via Getty Images
Մեկնաբանել