
Al Arabiya-ն հայտնել է Հեզբոլահի ղեկավարի իրավահաջորդի մահվան մասին
Հեզբոլահի սպանված առաջնորդի ենթադրյալ իրավահաջորդ Հաշեմ Սաֆիեդդինը սպանվել է հոկտեմբերի 3-ի` լույս 4-ի գիշերը Բեյրութում՝ իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Reuters-ի փոխանցմամբ՝ Սաֆիեդդինի հետ կապը բացակայում է ուրբաթ օրվանից, իսկ Լիբանանի մայրաքաղաքի ուղղությամբ Իսրայելի պաշտպանության բանակի շարունակական հարվածները թույլ չեն տալիս Հեզբոլահի նոր առաջնորդի թաքստոցի տարածքում իրականացնել որոնումներ։
Լիբանանի անվտանգության ծառայության ներկայացուցիչը Sky News Arabia հեռուստաընկերությանը հայտարարել է, որ հավանականությունը, որ իսրայելական հարվածի վայրում ինչ-որ մեկը ողջ է մնացել, գրեթե զրոյական է: Ինչպես գրել էինք ավելի վաղ, Հաշեմ Սաֆիեդդինի թաքստոցին հարվածի ժամանակ այնտեղ ընթանում էր Հեզբոլահի բարձրաստիճան անդամների հանդիպումը։
Սեպտեմբերի 27-ի երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Բեյրութին հասցված ավիահարվածի հետևանքով սպանվել էր Հասան Նասրալան, որն ավելի քան 30 տարի ղեկավարում էր Հեզբոլահը։ Արաբական Al Arabiya հեռուստաընկերությունը հայտնել էր, որ նրա իրավահաջորդն է դարձել Խաշեմ Սաֆիեդդինը, ով շարժման գործադիր խորհրդի ղեկավարն ու Նասրալայի ազգակիցն էր։
Խաշեմ Սաֆիեդդինի որդին ամուսնացած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Քասեմ Սուլեյմանիի դստեր՝ Զեյնաբ Սուլեյմանիի հետ։ Հիշեցնենք, որ Քասեմ Սուլեյմանին սպանվել էր 2020 թվականին Բաղդադում՝ ամերիկյան ավիահարվածի հետևանքով։
Լուսանկարը՝ Anwar Amro-ի
Մեկնաբանել