
Կիմ Չեն Ընը սպառնում է միջուկային զենք գործադրել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկրի տարածքի վրա հարձակման դեպքում ԿԺԴՀ-ն առանց վարանելու կկիրառի բոլոր հասանելի հարձակողական ուժերը: Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։
Վերջինիս տարածած հաղորդագրության համաձայն՝ Կիմ Չեն Ընը նաև հայտնել է միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին, եթե «այլ երկրներ փորձեն ոտնձգություն կատարել հանրապետության ինքնիշխանության դեմ»:
«Եթե ծայրահեղ հիմարությամբ և խելագարությամբ համակված թշնամիները անտեսում են մեր կրկնվող նախազգուշացումները և չափազանց վստահ լինելով Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի դաշինքում, ևս մեկ քայլ առաջ կատարեն Հանրապետության ինքնիշխանությունը խախտելու համար զինված ուժերի կիրառման փորձ կատարելու համար, ապա մենք առանց վարանելու կօգտագործենք բոլոր հարձակողական ուժերը, որոնք ունենք մեր ձեռքում, ներառյալ՝ միջուկային զենքը»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։
Նա նաև Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին անվանել է «խամաճիկ» ու հայտարարել, որ Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի կողմից «հետապնդման մոլուցք» ունի։
Կիմ Չեն Ընը «ծիծաղելի տեսարան» է անվանել միջուկային պետության (Հյուսիսային Կորեայի՝ խմբ.) դեմ ռազմական ուժի միջոցով արձագանքելու մասին Յուն Սոկ Յոլի հայտարարությունները և հավելել, որ «թշնամական երկրների սպառնալից հռետորաբանությունը չի կասեցնի ԿԺԴՀ-ի ռազմական հզորության աճը»:
Լուսանկարը՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության
Մեկնաբանել