
Լավրովն ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի նորանշանակ դեսպաններին
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի նորանշանակ դեսպաններին ու շնորհավորել Ռուսաստանում նրանց առաքելության մեկնարկի վերաբերյալ։
Ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին Լավրովը հաջողություններ է մաղթել երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հարցում։
«Սերգեյ Լավրովը ջերմորեն շնորհավորել է Գուրգեն Արսենյանին դիվանագիտական առաքելության ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերջերս նշանակվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել իր աշխատանքում՝ ի նպաստ մեր երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման»,- ասված է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ էլ Լավրովը քննարկել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգը։
«Հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ջերմորեն ողջունել է մեր երկրի ռազմավարական գործընկեր և դաշնակից բարեկամ պետության դիվանագիտական առաքելության ղեկավարին ու հաջողություններ մաղթել նրան իր գործունեության մեջ»,- ասված է ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ ավելի ուշ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ևս հանդիպել է Մուստաֆաևի հետ, որի ժամանակ ադրբեջանցի դեսպանը նրան է փոխանցել հավատարմագրերի պատճենը:
«Զրույցի ընթացքում արձանագրվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, քննարկվել են երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաներ: Քննարկվել է նաև առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցը»,- հաղորդել է ռուսական կողմը։
Լուսանկարում՝ Գուրգեն Արսենյանը և Սերգեյ Լավրովը/ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայություն
Մեկնաբանել