
Զրպարտություն տարածող ցանկացած անձի հերքման եւ նյութը հեռացնելու պահանջ կարող է ներկայացվել
Արդարադատության նախկին նախարարի դիմումով ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել զրպարտությանը վերաբերող դրույթը
Սահմանադրական դատարանը (ՍԴ) Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել օրենքով կարգավորվող այն դրույթը, որ մասնավոր անձանց կողմից համացանցում տարածված զրպարտության դեպքում չի նախատեսվում զրպարտությունը հերքելու, դրա պատասխանը ներկայացնելու, հեռացնելու հնարավորություն: Այսինքն՝ ՍԴ-ն արձանագրել է օրենքի կարգավորման բաց եւ նշել, որ այդ պայմաններում խախտվում են անձանց իրավունքները, երբ զրպարտում են լրատվամիջոց չհանդիսացող սուբյեկտները։ Խոսքը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի մասին է։
ՍԴ-ն որոշումը կայացրել է 2024թ. հոկտեմբերի 1-ին, սակայն հրապարակել է հոկտեմբերի 4-ին:
Վեճը վերաբերել է 2019թ. քննված քաղաքացիական մի գործի, որով հայցվորը եղել է այդ ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա դատավորների ցածր վարձատրության վերաբերյալ հարցազրույց է տվել լրագրողներին, որը հրապարակվել է լրատվամիջոցներում: Այդ հրապարակումներից մեկը իր էջում՝ բոլորի համար հասանելի կարգավորմամբ, տարածել է իրավապաշտպաններից մեկը՝ «Առկա դատավորների մեծ մասին դեռ անհրաժեշտ է պարզել՝ ինչի համար ենք ընդհանրապես վճարում, նոր շատ ու քչի մասին խոսենք» գրառմամբ:
Ֆեյսբուքի օգտատերերից մեկն այդ հրապարակման տակ թողել է հետևյալ մեկնաբանությունը. «Եթե նմուշի համար արդարադատության հետ հեռավոր աղերս ունեցող մի դատավոր լիներ Հայաստանում, Արտակը դատված կլիներ առնվազն պաշտոնական դիրքի չարաշահման (ժամանակին որպես առողջապահության փոխնախարար) ու նորածինների սնունդը գողանալու և սև շուկայում վաճառելու համար»:
Արտակ Զեյնալյանը հայցադիմում է ներկայացրել դատարան մեկնաբանություն թողած քաղաքացու դեմ՝ զրպարտող տեղեկությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով:
Գործով կայացվել է վճիռ, որը չի գոհացրել Ա. Զեյնալյանին: Այն բողոքարկվել է վերաքննիչ դատարան, վճիռը բեկանվել և հետ է ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Երկու անգամ բեկանելուց և նոր քննության ուղարկելուց հետո, վերջին անգամ՝ 2023թ. մարտին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է բողոքը բավարարել մասնակի: Վերադաս դատարանը նշել է, որ վեճի առարկա հրապարակումը տեղի է ունեցել ֆիզիկական անձի ֆեյսբուքյան էջի միջոցով, որը չի կարող գնահատվել որպես լրատվության միջոց: Հետևաբար, վերաքննիչ դատարանը համարել է, որ նշված տեղեկությունը չի կարող համարվել լրատվության միջոցով տարածված եւ չի բավարարել Զեյնալյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջը: Մեկնաբանություն թողած քաղաքացուց բռնագանձվել է 500.000 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար:
Վճռաբեկ դատարանը Զեյնալյանի բողոքը վարույթ ընդունելը մերժել է, ինչից հետո նախկին նախարարը դիմել է Սահմանադրական դատարան:
ՍԴ-ն, քննության առնելով դիմումը, նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակային հարթակում հերքելու և դրանք հեռացնելու պահանջ ներկայացնելն անհնար է, հանգեցնում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտմանը՝ անձի արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության երաշխավորման համատեքստում:
ՍԴ-ն նաև ընդգծել է, որ համացանցում հրապարակային ներկայացված տեղեկատվության հերքումը և (կամ) հեռացումը ոչ թե նույնական, այլ պաշտպանության անկախ և ինքնավար միջոցներ են: Որոշ դեպքերում համացանցում հրապարակային ներկայացված զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը հեռացնելը կարող է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու առավել արդյունավետ միջոց հանդիսանալ՝ կանխելով զրպարտության շարունակական տարածումը և նման տեղեկատվության դիտումները համացանցում։ Մինչդեռ օրենսդիրն առհասարակ չի նախատեսել զրպարտություն պարունակող նյութը հեռացնելուն պարտավորեցնելու իրավական հնարավորություն:
Ըստ այդմ, ՍԴ կարծիքով, պետք է գործեն կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կապահովեն անձի նկատմամբ իրականությանը չհամապատասխանող և նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների ներկայացման պայմաններում (անկախ դրանք ներկայացրած սուբյեկտից) դրանք հրապարակայնորեն հերքելու և (կամ) դրանց վերաբերյալ իր պատասխանը հրապարակելու և (կամ) դրանք հեռացնելուն պարտավորեցնելու հնարավորությունը: Նման հնարավորության բացակայությունը, ըստ ՍԴ-ի, հակասում է Սահմանադրության 31 (Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը) և 75-րդ (Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը) հոդվածներին:
Քանի որ Արտակ Զեյնալյանի նկատմամբ կիրառված հոդվածը՝ ՍԴ-ի վերը նշված մեկնաբանությամբ, ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, ապա նրա նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման։
Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից
Մեկնաբանել