
Իսրայելի հարվածների ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Բեյրութ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բեյրութ՝ Լիբանանի իշխանությունների հետ բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Քիչ առաջ վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում: Մեր պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ինչպես նաև Մեջլիսի երկու պատգամավորների և Կարմիր մահիկի ընկերության ղեկավարի մասնակցությամբ հանդիպում կունենա Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բաղային։
Նրա խոսքով՝ իրանական պատվիրակության այցի շրջանակներում Լիբանանին կփոխանցվի մարդասիրական օգնության խմբաքանակ, որը բաղկացած է սննդից և դեղորայքից:
«Իրանը միշտ լինելու է Լիբանանի խիզախ ժողովրդի կողքին։ Ամբողջ տարածաշրջանը պետք է հասկանա Լիբանանի առջև ծառացած իրավիճակի լրջությունը և դրա հետևանքները մեր երկրների ժողովուրդների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Սեպտեմբերի 23-ից Իսրայելը հարվածներ է հասցնում Հեզբոլահի՝ Լիբանանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Հարվածների թիրախում պարբերաբար հայտնվում է նաև մայրաքաղաք Բեյրութը։ Հրեական պետությունը հայտարարել է, որ ցամաքային գործողության նպատակը իր հյուսիսային սահմանների մոտ անվտանգ պայմանների ստեղծումն է։
Իսրայելական հարվածներից մեկի հետևանքով սեպտեմբերի 27-ին Բեյրութում սպանվեց Հեզբոլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալան։
Հոկտեմբերի 1-ի գիշերը իսրայելական բանակը հայտարարեց Լիբանանի հարավային սահմանամերձ շրջաններում ցամաքային գործողություն իրականացնելու մասին: Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին հինգշաբթի օրը հայտարարել է, որ իսրայելական ագրեսիայի շարունակումը վտանգի տակ է դնում Լիբանանի գոյությունը:
Լուսանկարը՝ Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել