
ՄԱԿ-ի ԱԽ-ն իր աջակցությունն է հայտնել Անտոնիու Գուտերեշին. պատճառը Իսրայելի կողմից «պերսոնա նոն գրատա» ճանաչվելն է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Իսրայելի՝ «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) հայտարարելուց հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր լիակատար աջակցություն է հայտնել կազմակերպության ղեկավարին և ընդգծել, որ բոլոր երկրները պետք է զերծ մնան նրա աշխատանքը խաթարող ցանկացած գործողությունից:
«Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, նրա կարևոր դերին: Նրանք ընդգծել են անդամ բոլոր երկրների՝ գլխավոր քարտուղարի հետ արդյունահեն և արդյունավետ հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը ու կոչ արել զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը խաթարում է նրա, ինչպես նաև նրա գրասենյակի աշխատանքը»,- ասված է ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ համագործակցությունից հրաժարվելու ցանկացած որոշում «անարդյունավետ է, հատկապես Մերձավոր Արևելքում լարվածության սրման համատեքստում»:
Հիշեցնենք, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) էր հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և արգելել նրա մուտքը Իսրայել: Այդ մասին նա գրառում էր արել X-ի իր միկրոբլոգում։
«Յուրաքանչյուր ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իսրայելի վրա Իրանի նողկալի հարձակումը, ինչպես դա արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, արժանի չէ ոտք դնել իսրայելական հողի վրա»,- հայտարարել էր Կացը։
Նրա խոսքով՝ Գուտերեշը նաև չէր դատապարտել ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումը Իսրայելի վրա, որը տեղի էր ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, և «ոչ մի ջանք չի գործադրել շարժումը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու հարցում»:
Իսրայելի ԱԳ նախարարը հավելել էր, որ ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարը «բիծ կմնա կազմակերպության պատմության վրա», քանի որ «աջակցում է ահաբեկիչներին, բռնաբարողներին և մարդասպաններին»:
Նման որոշման պատճառն այն էր, որ հոկտեմբերի 1-ի երեկոյան, այն բանից հետո, երբ Իրանը հրթիռային հարված հասցրեց Իսրայելին, Գուտերեշը X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել, որտեղ դատապարտել էր Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը և կոչ արել դադարեցնել կրակը: Իր գրառման մեջ նա չէր նշել ո՛չ Իրանին, ո՛չ Իսրայելին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել