
Հրաչյա Հարությունյանի գործով ՄԻԵԴ վճիռը դրական ազդեցություն կունենա ազդարարման ինստիտուտի վրա. Արա Ղազարյան
Այս տարվա օգոստոսի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում արձանագրեց «Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով։
«Գործը վերաբերում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ դիմումատուի խոսքի ազատության իրավունքի ենթադրյալ խախտմանը` կապված վիրավորանքի և զրպարտության գործի հետ, որը հարուցվել է նրա դեմ այն բանից հետո, երբ նա հայտնել է իր նախկին գործընկերոջ կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործունեության մասին՝ վերջինիս ղեկավարության հետ մասնավոր նամակագրության մեջ»,- գրված է ՄԻԵԴ վճռի նախաբանում:
Տուժողի շահերի պաշտպան, փաստաբան Արա Ղազարյանի կարծիքով՝ սա ազդարարի (կոռուպցիայի մասին ազդարարողի, հեղ.) առաջին գործն է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, թեև ներպետական դատարաններն այն քննել էին որպես շարքային զրպարտության գործ:
Տուժողը՝ Հրաչյա Հարությունյանը, դեռ 2013 թվականին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից կառավարվող «Հայաստանի էլեկտրական ցանցերում» խարդախության եւ կոռուպցիայի մեխանիզմ էր բացահայտել։ Այդ ժամանակ նա անվտանգության հարցերով պետ էր էլեկտրացանցերում։
Երբ ընկերությունում զգում են, որ Հրաչյան ինչ-որ բան է փորփրում, ազատում են աշխատանքից։
Հեռանալով՝ նա վերցնում է իր ամբողջ հետազոտությունը, համակարգված ձեւով շարադրում ընկերությունում կիրառվող կոռուպցիոն սխեման եւ կից փաստաթղթերով նամակ ուղարկում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կայքում նշված՝ կոռուպցիայի վերաբերյալ հաղորդումների համար նախատեսված էլեկտրոնային հասցեով։ Ընկերության անվտանգության ղեկավար Մորդվինցևին գաղտնիության ռեժիմով ուղարկված նամակը, սակայն, հասանելի է դառնում Անվտանգության ու վերահսկողության հարցերով տնօրենի տեղակալ Վահան Բուռնազյանին, որին Հրաչյա Հարությունյանը մեղադրում էր կոռուպցիայի համար։
Բուռնազյանը զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքով քաղաքացիական հայց է ներկայացնում Հարությունյանի դեմ։ Առաջին ատյանի դատարանում Բուռնազյանը պարտվում է այն հիմքով, որ զրպարտությունն ու վիրավորանքն այդպիսին կարող են որակվել, եթե արվել են հրապարակային ձեւով՝ առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ։ Մինչդեռ Հրաչյա Հարությունյանը նամակը ուղարկել է գաղտնիության ռեժիմով՝ մեկ անձից մյուսին՝ էլեկտրոնային հասցեով, եւ դա ներքին գրագրություն էր երկու անձանց միջեւ։ Սակայն վերադաս դատական ատյանները բավարարում են Վահան Բուռնազյանի հայցն ընդդեմ Հարությունյանի՝ ի հեճուկս Վճռաբեկ դատարանի նախադեպային վճռի, համաձայն որի՝ զրպարտության եւ վիրավորանքի համար պետք է առկա լինի հրապարակայնության վավերապայմանը։
Հարությունյանի հայցի վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացրած փաստաբան Արա Ղազարյանն ասում է. «Այս գործով Վճռաբեկը ընդունեց մի որոշում, որն ուղիղ կերպով հակասում էր նախկինում իր իսկ ասածին։ Իսկ Վերաքննիչ դատարանն ասաց մի բան, որ իրենից առաջ եւ իրենից հետո ոչ ոք չի ասել։ Հրաչյա Հարությունյանը պարտվեց շատ ծանր գնով՝ նրա վրա գումարային մեծ պահանջ դրվեց, եւ նա ստիպված վաճառեց տունն ու մեքենան։ Այս դատական գործընթացը ծանր ազդեց նաեւ նրա առողջության վրա՝ մինչեւ հիմա»։
Փաստաբանի կարծիքով՝ Հարությունյանի գործը ազդարարի գործ էր, չնայած այդ ժամանակ ՀՀ-ն դեռ չէր ընդունել «Ազդարարման համակարգի մասին» օրենքը, եւ փոխանակ դատարանները օգնեին, աջակցեին ազդարարին, որովհետեւ հանրության համար կարեւոր տեղեկատվություն էր բացահայտել Հրաչյան, իրականում պատժեցին նրան։
«Ներպետական դատարանները հրաժարվեցին նրան ճանաչել որպես ազդարար։ Նույնն էր ասում նաև ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարանին։ Ըստ Կառավարության՝ Հրաչյան ազդարար չէր, ազդարարը նա է, ով հաղորդումը տալու պահին դեռ տվյալ հիմնարկի ներսում աշխատում է»,- մեկնաբանում է Արա Ղազարյանը։
Եվրոպական դատարանը գործը քննել է հենց այս հիմքով՝ ազատ արտահայտվելու իրավունքի, որի բաղադրիչներից մեկը ազդարարի իրավունքն է։ Երբ ազդարարվում է, դա արտահայտվելու ազատության իրավունքի ներքո է։ Հայաստանի կառավարությունը առարկել է ՄԻԵԴ-ում՝ ասելով, թե Հրաչյա Հարությունյանը չի կարող ազդարար համարվել եւ անցնել ազդարարի պաշտպանության տակ։ Սակայն դատարանը չի ընդունել այս հիմնավորումը։
Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանության շատ բարձր երաշխիքներ է տալիս, որովհետեւ ազատ արտահայտվելը հանրային մեծ նշանակություն ունեցող գործունեություն է։
«Ազդարարը նման է լրագրողին, նրան առաջնորդում է հանրային շահը, ոչ թե կոմերցիոն նպատակը։ Հրաչյա Հարությունյանի արարքը պաշտպանության հատուկ կառուցակարգի տակ պիտի անցներ, իսկ Կառավարությունը նշում է, որ՝ ոչ, նա սովորական քաղաքացի է, նա ազդարար չէ, որովհետեւ նա ինսայդեր չէր, արդեն աշխատանքից ազատվել էր։ ՄԻԵԴ-ը հակադարձեց՝ նշելով, որ նախկինում իր նախադեպային իրավունքում ճանաչել է, որ աշխատանքից հեռացված, դրսում գտնվող անձը նույնպես ազդարար է, եւ ներպետական դատարանները, թեև այդ պահի դրությամբ Հայաստանը դեռ չէր ընդունել «Ազդարարման համակարգի մասին» օրենքը, կարող էին կիրառել Եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը, որն այդ պահի դրությամբ նույնպես պարտադիր նշանակություն ուներ ՀՀ-ի համար»,- ՄԻԵԴ վճիռն է բացատրում Արա Ղազարյանը։
Վճռի 53-րդ կետում Եվրոպական դատարանը «զարմանք» է արտահայտում, թե այդ ինչպես է վերաքննիչ քաղաքացիական դատարանը գաղտնիության պայմաններում համակարգչով, առցանց ռեժիմով ուղարկած ինֆորմացիան համարել հրապարակային հայտարարություն։ Ղազարյանի կարծիքով՝ սա կարգապահական վարույթի հիմք է Հրաչյա Հարությունյանի դեմ վճիռ կայացրած վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ, եթե առաջնորդվենք ԲԴԽ-ի ներկա գործելակերպով։
Պրն Ղազարյանը համոզված է, որ այս գործը դրական ազդեցություն կունենա Հայաստանում ազդարարման ինստիտուտի վրա, ուղղակի պետք է լավ իրազեկել եւ որոշումը կիրառել. «Այս որոշման մասին պետք է իրազեկել հասարակությանը, որ եթե դուք պայքարեք ձեր իրավունքների համար կամ ազդարարեք ի շահ հանրության, պաշտպանության մեխանիզմներ կան»։
Հրաչյա Հարությունյանը եւ նրա պաշտպանները պատրաստվում են դատական գործի վերաբացման, եթե Կառավարությունը չբողոքարկի ՄԻԵԴ վճիռը վերին պալատ։ Իսկ եթե ՄԻԵԴ որոշումը մտնի ուժի մեջ, ՀՀ կառավարությունը 4500 եվրո փոխհատուցման եւ 2000 եվրո փաստաբանական ծախսերի համար կվճարի, բայց դա, Արա Ղազարյանի խոսքով, Հարությունյանի կրած վնասի չնչին մասն է։ ՄԻԵԴ-ը նշել է, որ Հարությունյանի կրած վնասին, բացառության կարգով, առանձին դատական ակտով կանդրադառնա, քանի որ նա կորցրել է իր տունը հարկադիր վաճառքի արդյունքում։ Այդ փուլում պաշտպանական կողմը չէր կարող նյութական վնասի իրական չափը գնահատել, քանի որ հարկադիր ծառայությունը մի քանի անգամ է աճուրդ կազմակերպել՝ ամեն անգամ նվազեցնելով բնակարանի գինը, և ՄԻԵԴ-ին փոխհատուցման փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ տունը դեռ չէր վաճառվել։ Այդ պատճառով ՄԻԵԴ-ը որոշել է վնասի հատուցման հարցին անդրադառնալ առանձին դատական ակտով։
Ինչու «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն ընթացք չի տվել կոռուպցիան բացահայտող դիմումին հարցին Արա Ղազարյանը պատասխանում է. «Մենք գործ ունենք ՌԴ-ի ավանդույթներով աշխատող կազմակերպության հետ, բախվել ենք ՌԴ գործավարային մշակույթի հետ, որտեղ երբ քաղաքացին կոռուպցիայի վերաբերյալ հաղորդում է ներկայացնում, պատժվում է, ոչ թե խրախուսվում։ Եթե մենք գործ ունենայինք եվրոպական կամ ամերիկյան որեւէ կազմակերպության հետ, իհարկե, նման կոպիտ խախտում տեղի չէր ունենա։ Ցանկության դեպքում մեր իրավապահ մարմինները կարող են այս հարցով զբաղվել»։
Պաշտպանի խոսքով՝ Հրաչյա Հարությունյանը ներկա փուլում ուզում է ռեաբիլիտացվել, իր համար շատ վիրավորական էր, որ ի շահ հանրության, վտանգի ենթարկելով իր և իր ընտանիքի բարօրությունը՝ հաղորդում է տվել կոռուպցիայի մասին, բայց պատժվել է նման ձեւով։
«Նա օրինակ պետք է ծառայի երիտասարդների եւ մեր հասարակության համար, որ պետք չէ վախենալ, պետք է դուրս գալ սեփական կոմֆորտից՝ ի շահ հանրության, եւ եթե գտնվում են նման մարդիկ, նրանց պետք է պաշտպանել, ոչ թե մատնացույց անել եւ հանրային պարսավանքի ենթարկել»,- եզրափակում է Արա Ղազարյանը։
Մեկնաբանել