HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական միջուկային դոկտրինի փոփոխությունն ազդակ է Արևմուտքի համար. Կրեմլ

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած միջուկային դոկտրինի փոփոխությունները պետք է «որոշակի ազդանշան» համարել Արևմուտքի համար»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի վրա տարբեր միջոցներով հարձակմանը մասնակցելու դեպքում այդ երկրները պետք է մտածեն հնարավոր հետևանքների մասին։ «Ընդ որում, պարտադիր չէ, որ միջուկային»,- նշել է Պեսկովը։ 

Պեսկովը վստահություն է հայտնել, որ ամբողջ աշխարհը քաջատեղյակ է ռուսական միջուկային ներուժի մասին, և որ «արևմտյան ողջախոհ քաղաքական գործիչները» հասկանում են Պուտինի հայտարարությունների լրջությունը, հատկապես «աննախադեպ առճակատման պայմաններում, որը Ուկրաինայի շուրջ հակամարտությունում հրահրել են արևմտյան երկրները, այդ թվում՝ միջուկային տերությունները»:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր թարմացնել միջուկային զսպման ոլորտում ռուսական պետական քաղաքականության հիմքերը։

Մասնավորապես, նա առաջարկել էր միջուկային հարված հասցնելու հիմք դիտարկել «Ռուսաստանի դեմ ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետության կողմից՝ միջուկային պետության աջակցությամբ»։ Բացի այդ, Պուտինի պնդմամբ, միջուկային հարվածի հիմք կարող է դառնալ նաև «ոչ միջուկային միջոցներով օդային զանգվածային հարձակումը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով»։

Նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ ուկրաինական կողմը պարբերաբար անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցնում ռուսական ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին։

Լուսանկարը՝ Evgenia Novozhenina/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter