HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միանգամայն ակնհայտ են արևմտյան որոշ պետությունների՝ Հայաստանին մեր դեմ տրամադրելու ծրագրերը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ հանդես է եկել ելույթով, որտեղ ներքաղաքական ու արտաքին քաղաքական մի շարք հարցերից զատ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակելու է մեծ ռեսուրսներ հատկացնել ռազմական ոլորտին, քանի որ «Արևմուտքը շարունակում է զինել Հայաստանին»։

Խաղաղության պայմանագրի մասին

Ալիևը դարձյալ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հետ հարաբերությունների հարթման նախաձեռնությունը եկել է Բաքվի կողմից, իսկ Հայաստանն ու մյուս երկրները «ընդհանրապես ապագայի վերաբերյալ ձևավորված կարծիք չեն ունեցել»։

Ալիևը նշել է, թե, իբր, Հայաստանը «արհեստականորեն ձգձգում է խաղաղության պայմանագրի կնքման հարցը»։ «Մեր առաջին նախագիծը Հայաստան ուղարկելուց մինչ օրս մեկնաբանությունների 10 փոխանակում է տեղի ունեցել։ Մի քանի ամիս անց մենք, բնականաբար, սպասում էինք, որ Հայաստանն ավելի օպերատիվ և արագ կներկայացնի իր մեկնաբանությունները։ Բայց մենք տեսնում ենք, որ ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Մենք պետք է 70 օր սպասեինք, նախքան նրանց վերջին տարբերակը ստանալը: Բոլոր չհամաձայնեցված դրույթները դուրս են մնացել խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Այսինքն՝ այդքան պրիմիտիվ ու ոչ ադեկվատ քայլ տեսնելը, անկեղծ ասած, անսպասելի էր»,- հայտարարել է Ալիևը։

Ըստ նրա՝ «մի շարք կետեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ուզում է ժամանակ ձգել»:

Ալիևը ընդգծել է, թե Հայաստանում, իբր, գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը՝ հավելելով, որ «դրանք ոչ միայն ընդդիմադիր ուժերի կազմում են, այլև գործող իշխանության»։ «Թեև նրանք հայտարարում են այդ մասին, բայց նրանց գործողությունները, քաղաքականությունը, քայլերը լրիվ հակառակ պատկերն են ստեղծում։ Դրա մասին է վկայում նաև մինչ օրս Մինսկի խմբի ձևական պահպանումը, որը ֆունկցիոնալ ոչ մի նշանակություն չունի»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ 

Հայաստանի զինման մասին

Իր ելույթում Ալիևն անդրադարձել է նաև արևմտյան երկրների հետ Հայաստանի ռազմական համագործակցության ու վերջին տարիներին Հայաստանի զինման մասին՝ դա պրոյեկտելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ամրաշինական գործողությունների հետ։ «Մենք ամրապնդվում ենք պայմանական սահմանին, որովհետև Հայաստանից ցանկացած պահի կարելի է ակնկալել ցանկացած սադրանք։ Հայկական կողմը զանգվածաբար զինվում է, միաժամանակ զորավարժություններ է անցկացնում արտասահմանյան երկրների, ընդ որում՝ խոշոր տերությունների հետ։ Արևմտյան երկրները զենք-զինամթերք են մատակարարում Հայաստանին»,- նեղսրտել է Ալիևը։  

«Այսինքն՝ միանգամայն ակնհայտ են արևմտյան որոշ պետությունների՝ Հայաստանին մեր դեմ տրամադրելու ծրագրերը», - շարունակել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, թե այդ երկրներին «բնականաբար չի հետաքրքրում հայ ժողովուրդը»: Ալիևն այն կարծիքին է, թե այդ երկրների համար հայ ժողովուրդը «ընդամենը գործիք է, միջոց՝ Ադրբեջանին մշտական ճնշման տակ պահելու, Հայաստանի տարածքն օգտագործելու, այստեղ Ադրբեջանի և Հայաստանի մյուս հարևանների համար սպառնալիքի աղբյուրներ ստեղծելու և այդպիսով սեփական շահերն ապահովելու համար»,- հայտարարել է Ալիևը, ենթադրաբար, ակնարկելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter