
Լապշինի մուտքը Հայաստան խոչընդոտվել է Բելառուսի կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով
Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
«Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա. Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ»,- գրել է Մարտիրոսյանը:
Ավելի վաղ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իրեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են` Ադրբեջանում, ՌԴ-ում և Բելառուսում հետախուզման հիմքով։
2016 թվականին Ադրբեջանի պահանջով Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Բելառուսում: Պատճառը բլոգերի այցն էր Արցախ՝ առանց Ադրբեջանի թույլտվության։
2017 թվականին Լապշինը արտահանձնվեց Ադրբեջան, որտեղ նա մեղավոր ճանաչվեց անօրինական սահմանահատման համար: Մի քանի ամիս անց, ներում ստանալուց հետո, նա ազատ արձակվեց և վերադարձավ Իսրայել։
Լուսանկարում՝ Ալեքսանդր Լապշինը / © Արմենպրեսս (արխիվային)
Մեկնաբանել