HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյուզաննա Օհանյան

Էկոնոմիկայի նախարարությունը ուշացնում է բարձր որակավորմամբ մասնագետներին խոստացված սուբսիդավորումը

2022 թվականի օգոստոսի 4-ին Կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն՝ բոլոր այն կազմակերպությունները, որոնք աշխատանքի կընդունեն բարձր որակավորում ունեցող մասնագետների, կսուբսիդավորվեն այդ աշխատակիցների աշխատավարձի 20-70%-ի չափով։ Մինչև 2024 թվականը ծրագիրն իրագործում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը (ՆՁԱԿ)։ Սակայն այս տարվա մայիսի 8-ին կառավարության որոշմամբ ՆՁԱԿ-ը լուծարվեց և նրա բոլոր պարտականությունները ստանձնեց Էկոնոմիկայի նախարարությունը։ 

«Բիգրաֆի» ՍՊԸ-ն այս ծրագրի շահառու է։ Կազմակերպության աշխատակից Լեռնիկ Միրզախանյանը համաշխարհային բուհական վարկանիշում ընդգրկված 400 լավագույն բուհերից մեկի շրջանավարտ է և ունի դոկտորական աստիճան (PHD)։ Կազմակերպության և ՆՁԱԿ-ի միջև 2023 թվականի հունիսին կնքված պայմանագրի համաձայն՝ պետությունը պետք է սուբսիդավորեր նրա աշխատավարձի 50%-ը։ Ընկերության իրավաբան Մայքլ Հովհաննիսյանի խոսքով, աջակցությունը պետք է տրամադրվեր եռամսյակը մեկ անգամ, երբ ծրագրի շահառու հանդիսացող կազմակերպությունը ներկայացնում է համապատասխան հաշվետվությունները։ Պայմանագրով սահմանված էր, որ հաշվետվությունները ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է վճարվեր փոխհատուցումը, սակայն ժամկետները երբեք չեն պահպանվել։ Վերջին վճարումն էլ կազմակերպությանն արել են փետրվար ամսին՝ նախորդ 2 եռամսյակների համար՝ օգոստոսից հունվար, գումարը վճարվել է միանվագ կարգով։

ՆՁԱԿ-ի լուծարումից հետո «Բիգրաֆի» կազմակերպությանը մինչ օրս չի հաջողվել վերջնական պայմանագիր կնքել Էկոնոմիկայի նախարարության հետ, քանի որ նախարարությունը պայմանագրերը մի քանի անգամ ուղարկել է խմբագրման։ 

Հունվար ամսից նախարարությունը չի վճարել նաև կազմակերպության փոխհատուցումը՝ 7.5 միլիոն դրամ։

Էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչության փորձագետ Թամարա Սարգսյանի խոսքով, ՆՁԱԿ-ի լուծարումից հետո սկսվել է ծրագիրն Էկոնոմիկայի նախարարություն տեղափոխելու գործընթացը, որը ներառում է 2 հիմնական բաղադրիչ՝ բյուջետային գործընթաց և կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքում։ 

«Այս պահին մենք արդեն գտնվում ենք պայմանագրերի կնքման փուլում, ամենայն հավանականությամբ վաղվանից (խմբ.՝ 20.09.24) կսկսենք փոխանցումների գործընթացը ու որպես այդպիսին որևէ խոչընդոտ կամ որևէ խնդիր ծրագրի իրականացման տեսանկյունից այս պահին չունենք»,-նշում է Թամարա Սարգսյանը։ 

«Բիգրաֆի» ՍՊԸ-ի իրավաբանին մինչ այդ նախարարությունից ասել էին, որ այս շաբաթ կարող են չսպասել փոխանցումների։ Այսօր էլ աշխատանքային օրվա ավարտին Մայքլ Հովհաննիսյանից տեղեկացանք, որ որևէ փոխհատուցում չեն ստացել։ Նման խոստումներ նախարարությունից էլի են լսել, բայց գումարն այդպես էլ չի փոխանցվել։ Կազմակերպությունը ցանկանում է ներգրավել բարձր որակավորում ունեցող այլ մասնագետների, բայց ծրագրի անկանոն աշխատանքի պատճառով մտահոգություններ ունի. եթե պետությունը չվճարի խոստացված փոխհատուցումը, ներգրավված մասնագետների աշխատավարձը ընկերության համար ֆինանսական մեծ բեռ կդառնա։ 

Բայց նախարարությունը հիմա էլ շարունակում է այս ծրագրի շրջանակում դիմումներ ընդունել, տարեվերջին էլ նախատեսում է գործարկել էլեկտրոնային հարթակ՝ դիմումների արագ ներկայացման համար։ Թամարա Սարգսյանի փոխանցմամբ, 2024 թվականի հուլիսի դրությամբ ծրագրի շահառու է 45 կազմակերպություն, պետությունը փոխհատուցում է բարձր որակավորում ունեցող 513 մասնագետների աշխատավարձի 20-70%-ը։ 

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter