
Երևանի և Բաքվի միջև ճանապարհների բացումը հնարավոր է 2020 թվականի պայմանավորվածությունների շրջանակներում. ՌԴ փոխվարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում։ TACC գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ուզում եմ ասել, որ ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել երեք պետությունների (Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի՝ խմբ.) ղեկավարների կողմից և որոնք իրենց արտացոլումն են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը պատրաստ է միշտ միանալ այս գործընթացին և պատրաստ է այստեղ օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից»,- նշել է նա։
2023 թվականի նոյեմբերին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները պետք է վերահսկեն Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը։ Իր հերթին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պնդել էր, որ Հայաստանը երբեք չի ստորագրել մի փաստաթուղթ, որը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման դեպքում սահմանափակում է իր ինքնիշխանությունը։
Վերջին շաբաթներին դարձյալ քաղաքական օրակարգ է վերադարձել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը ադրբեջանական թեզ է և, ինչպես պնդում է Բաքուն, Ադրբեջանի արևմտյան շրջանները անխոչընդոտ, այսինքն առանց ՀՀ վերահսկողության, Սյունիքի մարզի տարածքով պետք է կապի Նախիջևանի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շաբաթներ առաջ Բաքվում հայտարարել էր, որ Երևանն է սաբոտաժի ենթարկում այս ծրագրի իրագործումը։ Այս հայտարարությունը խստորեն քննադատվել էր Երևանի ու Թեհրանի կողմից։
Մի քանի օր առաջ Իրանը դարձյալ բարձրաձայնել էր Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասիր Քանանին նշել էր, որ «միջանցքի վերաբերյալ հրապարակվող նորությունների և վերլուծությունների հիմքում ընկած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս Ադրբեջան կատարած այցը, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները»:
«Իրանը շարունակելու է աջակցել տնտեսական հարաբերություններում խոչընդոտների վերացմանը՝ տարածաշրջանում անկախության և տարածքային ամբողջականության հարգման շրջանակներում ու նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը: Դա են ուզում տարածաշրջանի բոլոր երկրները։ Ոմանք ցանկանում են Կովկասը վերածել անկայունության տարածաշրջանի։ Նրանք ամեն գնով ձգտում են անկայունության հասնել այդ տարածաշրջանում։ Մենք վճռականորեն անհամաձայնություն ենք հայտնում տարածաշրջանում սահմանների փոփոխության փորձի հետ»,- հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Իրանի ազգային անվտանգության բարձր խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին այս հարցը քննարկել էր նաև Մոսկվայում։ Վերջինիս հետ հանդիպման ժամանակ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ Մոսկվան հավատարիմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի հետ նախորդ պայմանավորվածություններին։
«Ռուսաստանը հավատարիմ է Թեհրանի հետ Զանգեզուրի վերաբերյալ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս առումով ամենևին չի փոխվել»,- ասել էր Շոյգուն:
Լուսանկարը՝ Кристина Кормилицына / РИА Новости
Մեկնաբանել