
Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է նոր քննության․ Վերաքննիչ դատարանը բեկանել է դատավճիռը
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Նիկողոսյանի, մասնակի բավարարել է «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով դատավճռի դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը, և գործն ուղարկել է նոր քննության: Այս մասին տեղեկանում ենք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ դատավճիռը կայացրել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Չալաբյանը դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ազատության սահմանափակման (չշփոթել ազատազրկման հետ), որից հաշվանցվել էր կալանքի կիրառման ժամանակահատվածը 1 տարի 11 ամիս, ըստ որի՝ նրան արգելվել էր կազմակերպել և մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումներրի, ինչպես նաև փոխել բնակության վայրը առանց պատժի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի տեղեկության։
«Նոր քննության ծավալի վերաբերյալ մեր դիրքորոշումը կհայտնենք դատական ակտի ամբողջական տարբերակը ստանալուց հետո: Առաջիկայում այդ առթիվ կհրավիրվի մամլո ասուլիս:
Այնուամենայնիվ, այս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ: Ի վերջո հասնելու ենք Ա. Չալաբյանի ադարացմանը»,- գրել է Վարազդատ Հարությունյանը։
Ավետիք Չալաբյանը մեղադրվում էր անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:
2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել էր, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 մլն դրամ:
Մեկնաբանել