
Մարտին Գալստյան. «Մեր խոհեմ ու շրջահայաց քաղաքականության արդյունքում կարողացանք գնաճի խնդիրը լուծել շատ ավելի վաղ, քան տարբեր երկրներ»
Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆիանանսավորման տոկոսադրույքը։ Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել այն՝ սահմանելով 7.5%:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսադրույքն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում բանկերին։ Այս գործիքով ԿԲ-ն փորձում է կարգավորել գնաճը։ Երբ գնաճը շատ բարձր է լինում, ԿԲ-ն բարձրացնում է նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով զսպել վարկերի աճն ու սպառումը, որի հետևանքով կարող է կրճատվել նաև գնաճը։ Որպես գնաճի նպատակային ցուցանիշ սահմանված է 4%-ը։
Այս տարվա ընթացքում գնաճը 4%-ից բավականին ցածր է, ինչը, ըստ ԿԲ-ի, թույլ է տալիս իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ` գնաճը կազմել է 1.3%։
Նախորդ տարիների բարձր գնաճի պայմաններում ԿԲ-ն բարձրացնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը համարում է, որ ԿԲ-ն խոհեմ ու շրջահայաց քաղաքականություն է վարում։ «2023-ի հունիսից սկսած մենք տոկոսադրույքի նվազեցման, այսինքն՝ փողի էժանացման քաղաքականություն ենք իրականացնում, որը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը, այլև նրանով՝ թե մենք ինչպիսի քաղաքականություն ենք իրականացրել մինչև այդ։
Մեր խոհեմ ու շրջահայաց քաղաքականության արդյունքում մենք կարողացանք գնաճի խնդիրը լուծել շատ ավելի վաղ, քան տարբեր երկրներ, որը մեզ թույլ տվեց տարածք բացել մեր քաղաքականության թուլացման համար»,- սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մարտին Գալստյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում գնաճային սպասումների վերջին հարցումները, որոնք իրականացնում է ԿԲ-ն, ցույց են տալիս, որ որոշակիորեն նվազել է բարձր գնաճային սպասումներ ունեցող և ավելացել է ցածր գնաճային սպասումներ ունեցող մարդկանց կշիռը։
«Բայց միևնույն ժամանակ անորոշության կոմպոնենտը շարունակում է մնալ էական»,- նշում է ԿԲ նախագահը։
ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա կպահպանվեն:
2024 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում, ըստ ԿԲ-ի, պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության և առևտրի ճյուղերի զգալի աճը: Սակայն դրանք կրում են կարճաժամկետ գործոնների ազդեցություն և պարունակում էական անորոշություններ հետագա տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ:
Գլխավոր դրամատնից վստահեցնում են, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին որոշումներ ընդունելիս հաշվի են առել բոլոր ռիսկերը։
Մեկնաբանել