
Տասնյակ զոհեր Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծության հետևանքով
Առնվազն 40 մարդ է զոհվել, ևս 60-ը՝ վիրավորվել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան-Յունիսի թաղամասերի մեկի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության վարչությանը: Իսրայելը հայտարարել է, որ հարվածի թիրախը եղել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնը:
Նշվում է, որ հարվածը հասցվել է Ալ-Մավասի շրջանին, որտեղ գտնվում է տեղահանված անձանց համար նախատեսված վրանային ճամբարը: «Մեր անձնակազմերը դեռ աշխատում են տեղահանված անձանց վրաններին հարվածելու հետևանքով 15 անհետ կորածների որոնման ուղղությամբ»,- AFP-ին հայտարարել է Գազայի քաղաքացիական պաշտպանության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամեդ ալ-Մուղայրը։
Ականատեսները BBC-ին պատմել են, որ կեսգիշերից անմիջապես հետո Ալ-Մավասի շրջանում ուժեղ պայթյուններ են որոտացել։ Գազայի քաղաքացիական պաշտպանության վարչության մեկ այլ ներկայացուցիչ Մահմուդ Բասալի խոսքով, որին մեջբերում է CNN-ը, Ալ-Մավասի շրջանում, ընդհանուր առմամբ, եղել է ավելի քան 200 վրան, որից 20-40-ն ավերվել են։ Նա նաև նշել է, որ պաղեստինցիներին նախապես չեն զգուշացրել հարվածի մասին:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կործանիչները հարվածել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնին, որը «գաղտնի գործում էր Գազայի հարավում գտնվող հումանիտար գոտում»։ «Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են պարբերաբար չարաշահել քաղաքացիական և հումանիտար ենթակառուցվածքները, ներառյալ՝ ստեղծված հումանիտար գոտին՝ Իսրայել Պետության և ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ՝ խմբ.) ուժերի դեմ ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար»,- ասված է իսրայելական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել «քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու հավանականությունը նվազագույնի հասցնելու համար, ներառյալ բարձր ճշգրտության զինամթերքի օգտագործումը, օդային հսկողությունը և այլ միջոցներ»:
Ավելի ուշ, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հարվածի վայրում խմբավորման ներկայացուցիչներ չեն եղել։ «Դիմադրության մարտիկների ներկայության մասին օկուպացիոն իշխանությունների պնդումները աղաղակող սուտ են»,- ասված է խմբավորման հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել