
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա. վնասվել են բնակելի շենքեր
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի 10-ի գիշերը հարձակվել են Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հարձակմանը մասնակցել է ավելի քան 15 անօդաչու թռչող սարք: ԱԹՍ-ների հարձակման մասին առաջին հաղորդագրությունը Սոբյանինի տելեգրամյան ալիքում հայտնվել է Մոսկվայի ժամանակով 02:32-ին (Երևանի ժամանակով՝ 03:32-ին): ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով՝ ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչուների հարձակումները Մոսկվայի մարզի Լյուբերցի, Ռամենսկոյե, Պոդոլսկ, Դոմոդեդովո և Կոլոմնա քաղաքային շրջաններում:
Մոսկվայի Տրոիցկի վարչական շրջանում անօդաչուի բեկորներն ընկել են առանձնատաններից մեկի տարածքում, տուժածներ չկան: Բացի այդ, մեկ այլ անօդաչուի բեկորներն էլ ընկել են «Ժուկովսկի» օդանավակայանի շրջանում։
Սոբյանինի խոսքով՝ Ռամենսկոյեում անօդաչուների «հարձակումը հետ մղելիս» հրդեհվել են բազմաբնակարան շենքերից մեկի 11-րդ և 12-րդ հարկերը։ Ի սկզբանե Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտարարել էր, որ հարձակման հետևանքով մահացել է 9-ամյա երեխա, սակայն ավելի ուշ նա հերքել է այդ տեղեկությունը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 46-ամյա մի կին, իսկ վիրավորվել՝ 3 մարդ, նրանց հոսպիտալացրել են։
Ըստ նահանգապետի՝ ևս մեկ անօդաչու թռչող սարք էլ հարվածել է Վիսոկովոլտնի փողոցում գտնվող մի բազմաբնակարան շենքի, ինչի հետևանքով վնասվել է 9-րդ հարկի բնակարաններից մեկը ու տուժել 1 մարդ: Տարհանված բնակիչներին տեղավորել են ժամանակավոր կացության կետերում։ Տելեգրամյան Astra ալիքը հայտնում է, որ անօդաչուն հարվածել է նաև Ռամենսկոյեի Ստախանովսկայա փողոցում գտնվող բնակելի շենքին:
Վորոբյովը խոստացել է, որ իշխանությունները կստանձնեն բնակարանների վերականգնումն ու վերանորոգումը, ինչպես նաև վնասված գույքի փոխհատուցումը:
Տելեգրամյան Mash ալիքն էլ հայտնում է, որ Ռամենսկոյե քաղաքային շրջանի Պրուդկի գյուղում անօդաչուն ընկել է առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող անտառում։ Վերջինիս տվյալներով՝ տուժել է 2 մարդ։
Տելեգրամյան ալիքները նաև տարածում են հրդեհի տեսանյութերը, որը անօդաչուների հարձակման հետևանքով բռնկվել է մերձմոսկովյան «Ժուկովսկի» օդանավակայանի տարածքում։
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում, անօդաչուների հարձակման ժամանակ, ժամանակավորապես դադարեցվել է ինքնաթիռների ընդունումն ու ուղարկումը: «Վնուկովո»-ում հայտնել են, որ սահմանափակումները մտցվել են Մոսկվայի ժամանակով 01:30-ին (Երևանի ժամանակով՝ 02:30-ին): РИА Новости-ն էլ փոխանցում է, որ պահեստային օդանավակայաններ են ուղարկվել դեպի «Վնուկովո» օդանավակայան ուղևորվող ավելի քան 30 միջազգային և ներքին չվերթներ և 13 չվերթ դեպի «Դոմոդեդովո» օդանավակայան։
Երևանի ժամանակով 09:00-ին Ռոսավիացիան հանել է սահմանափակումները։
«Զվարթնոց»-ից էլ հայտնել են, որ չեղարկվել է «Մոսկվա-Երևան» մեկ չվերթ, իսկ երեքը՝ հետաձգվել։ Ընդ որում, չեղարկվել է Մոսկվայի «Շերեմետովո» օդանավակայանից նախատեսված չվերթը, հետաձգվել՝ «Վնուկովո» օդանավակայանից նախատեսված երկու, իսկ «Դոմոդեդովո»-ից՝ մեկ չվերթ։
Լուսանկարը՝ Максим Шеметов / Reuters / Scanpix / LETA
Մեկնաբանել