
ԱՄԷ-ն առաջին տեղում է Հայաստանի արտահանման կազմում՝ գերազանցելով Ռուսաստանին
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 21.1%-ով կամ 376 մլն դոլարով՝ կազմելով 1.4 մլրդ դոլար։ Արդյունքում խիստ կրճատվել է Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում այն 52.8% էր, այս տարվա նույն ժամանակաշրջանում իջել է մինչև 17.8%-ի։
Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Թե որ ապրանքների հաշվին է տեղի ունեցել դեպի Ռուսաստանի արտահանման այս էական կրճատումը, Վիճկոմիտեի տվյալներում չի երևում։
Փոխարենը միջազգային առևտրի UN Comtrade Database բազայի տվյալներից երևում է, որ առավելապես կրճատվել է ավտոմեքենաների արտահանումը։ Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան են արտահանվել շուրջ 8.5 մլն դոլարի մարդատար ավտոմեքենաներ, մինչդեռ նախորդ տարվա նույն կիսամյակում այն կազմել էր 294 մլն դոլար։
Սա նշանակում է, որ Հայաստանից դեպի ՌԴ արտահանման կրճատման հիմնական պատճառը ավտոմեքենաների արտահանման նվազումն է։
Դեպի Ռուսաստան արտահանման կրճատմանը զուգահեռ Հայաստանը մեծ տեմպով ավելացնում է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) արտահանումը։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 3.7 մլրդ դոլարի ապրանք, որը աննախադեպ թիվ է Հայաստան-Էմիրություններ առևտրում։ 7.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն կիսամյակի ցուցանիշը։
Հայաստանը այս տարվա առաջին կիսամյակում մեծ ծավալի ոսկի է արտահանել դեպի Էմիրություններ։ Այդ մասին է վկայում UN Comtrade Database-ի տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը։ Մասնավորապես, ըստ նշված բազայի՝ 2024-ի առաջին հինգ ամիսներին (հունիսի տվյալները բացակայում են) Հայաստանից ԱՄԷ արտահանումը կազմել է 3.3 մլրդ դոլար, որից 2.4 մլրդ դոլարը միայն ոսկին է, մնացած հիմնական մասը՝ ադամանդը։ Հայաստանը այստեղ հանդես է գալիս որպես վերաարտահանող՝ տարանցիկ երկիր, որը ռուսական ծագման ոսկին ու ադամանդը հասցնում է ԱՄԷ:
- Պատժամիջոցների տակ հայտնված «Ալռոսա»-ն և հայ-ռուս-արաբ ադամանդագործների շղթան
- Սեյշելներ, Կիպրոս, Ռուսաստան. Հայաստանում «արտադրվող» և արտահանվող ոսկերչական իրերի ծագումը
Այդպիսով, այս տարվա առաջին կիսամյակում ԱՄԷ-ի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման կազմում հասել է 46.3%-ի՝ դառնալով առաջատարը և գերազանցելով Ռուսաստանին, որը մշտապես եղել է Հայաստանի արտահանման գլխավոր շուկան։
Հայաստանի ամբողջ արտահանումը 2024 թվականի առաջին կիսամյակում կազմել է 7.9 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է 2.3 անգամ։ Ինչպես արդեն նշվեց, աճը պայմանավորված է դեպի ԱՄԷ գլխավորապես ոսկու արտահանմամբ։ Սա նշանակում է, որ Հայաստանից արտահանումն աճում է միայն վերաարտահանման և ոչ թե՝ հայկական ապրանքների հաշվին։
Հայաստանի արտահանման գլխավոր շուկաների տարիների ընթացքում ձևավորված վիճակագրությունը խիստ փոխվել է։
Այս ինֆոգրաֆիկայում երևում են վերջին տասը տարիներին Հայաստանի արտահանման գլխավոր շուկաների փոփոխությունները։
Ինչպես երևում է, այս տարվա առաջին կիսամյակի TOP եռյակում է հայտնվել Չինաստանը, ուր Հայաստանն արտահանում է պղնձի և մոլիբդենի հանքաքար ու խտահանք, ոչ մեծ քանակությամբ՝ ոսկի։ Դեպի Նիդերլանդներ է արտահանվում ֆեռոմոլիբդեն, ոչ մեծ քանակությամբ՝ ոսկի, Իրաք՝ սիգարետ։ Դեպի Վրաստան արտահանման ծավալները թեև մեծ չեն, սակայն ավելի դիվերսիֆիակցված են՝ էլեկտրաէներգիա, ծխախոտ, շոկոլադ, շիշ, բանկա և այլն։ Ժամանակին Հայաստանը ոսկի արտահանել է հիմնականում Կանադա, այնուհետև՝ Շվեյցարիա, որոնց հաշվին էլ այս երկու երկրները արտահանման գլխավոր ուղղություններից էին։ Բուլղարիա և Գերմանիա ևս հիմնականում հանքահումք է արտահանվել։
Մեկնաբանել