
Ուզում եմ նայել սահմանի զինվորի աչքերի մեջ…
Զինվորների մասին պատմող «Հետքի» հոդվածի եւ ֆոտոպատմության հրապարակումից հետո նամակ ստացա մի երիտասարդ կնոջից: Նրան հանդիպել եմ մի քանի անգամ, տնօրենը նրան օրենսդրության խախտումով հեռացրել է աշխատանքից, եւ նա եկել էր խմբագրություն, պատմում էր իր դեմ կատարված ապօրինությունների մասին: Ահա այդ կնոջ գրած երկու նախադասությունը. «Ուզում եմ նայել սահմանի զինվորի աչքերի մեջ… Ես ուզում եմ նրանց քաղցրավենիք տանել կամ ուրիշ ինչ որ կարող եմ»:
Այս երկու նախադասությունը գրել է մի կին, որը մի քանի ամիս է, չի աշխատում, ծանր կացության մեջ է, անջատել են հեռախոսը…
Այս նամակը ինձ քսան տարի հետ «շպրտեց»:
1992-ի փետրվարն էր, 17-հոգանոց մի փոքրիկ ջոկատում էի, Մոնթեի ջոկատն էր: Մարտունիում փետրվարի 22-ին Վեյսալուն ազատագրելուց հետո առաջ գնալով Գեւորգավանի գինու գործարանի մոտ խրամատավորվել էինք: Ծանր օր էր, նախորդ գիշեր քիչ էինք քնել: Մարտունու տղաներից մեկը զոհվել էր, անտրամադիր, ցրտի մեջ դիրքավորվել էինք: Այդ օրը նաեւ վիրավորվել էր Մովսես Հակոբյանը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության այսօրվա նախարարը: Նրա զրահամեքենան Գեւորգավանի մոտ՝ խաղողի այգում, պայթեց ականի վրա, եւ դրանից հետո դադարեցվեց առաջխաղացումը:
Ցուրտ էր, ստիպված անընդհատ շարժվում էինք: Լռություն էր, սպասում էինք թշնամու հակահարձակմանը: Լռությունը ինչ-որ պարբերականությամբ խախտում էր տափաստանի կողմից փչող սառը քամին: Հանկարծ լռությունը խախտեց ինչ-որ մեկի խռռոցը: Մարտունեցի Ուլուբաբյան Կարենն էր՝ հսկայամարմին Ուլուբաբը (նա հետո զոհվեց Ղուրուչուխում՝ Մարտունի քաղաքի դիմացի այդ բարձունքում թշնամու դիրքը ոչնչացնելիս): Նրա խռռոցը այնքան բարձր է, որ մտածում էինք՝ թշնամին այդ խռռոցից կարող է գտնել մեր տեղը:
Կարենը ընդհանրապես արջի քուն էր մտնում, նրան արթնացնելը դժվար գործ էր: Կարենին միանգամից տարբեր կողմերից սկսեցինք հրել, որ կտրի խռռոցը: Նա վեր թռավ, ծույլ նայեց մեզ, ասաց՝ լավ, էլ ձեն չի հանի, բայց մի քանի րոպե հետո նորից լսվում էր խռռոցը, եւ արդեն սկսեցինք հերթապահություն անցկացնել Կարենի մոտ: Մենք ամբողջ գիշեր սրթսրթալով խրամատում շարժվում էինք: Վեյսալուում ձյուների մեջ էինք պառկել, ու տղաների մի մասի հագուստը թաց էր, թաց էին բոլորիս ոտքերը: Շատերս բարակ գուլպաներով էինք: Ես տատիս գործած գուլպաները հիշեցի, գունավոր թելերով գուլպաները: Տատս ինքն էր ներկում թելերը:
Մի քանի օր հետո գուլպաներով ծանրոցներ ստացանք Երեւանից: Դրանք տատիկներն էին գործել եւ ուղարկել: Գուլպաներից մեկի մեջ մի նամակ կար՝ ուղղված հայ զինվորին:
Ես միշտ մտածում եմ գրել այդ տարիների մասին, բայց չի ստացվում, նույնիսկ այդ ժամանակվա գրառումներս չեմ ուզում կարդալ, չեմ էլ հասկանում՝ ինչու: Բայց այս կնոջ՝ «Ուզում եմ նայել սահմանի զինվորի աչքերի մեջ… Ես ուզում եմ նրանց քաղցրավենիք տանել, կամ ուրիշ ինչ որ կարող եմ…» տողերը նման էին գուլպայի մեջ եղած նամակին:
Լուսանկարը՝ Սառա Անջարգոլյանի
Մեկնաբանություններ (16)
Մեկնաբանել