HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում կայացել են 21 վարչական միավորների ղեկավարների ընտրություններ

Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարների ընտրություններում, ձայների հաշվարկից հետո, պարզ է դարձել, որ հաղթել են բոլոր գործող նահանգապետերը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարները։ Այդ մասին հայտնում է РБК-ն։

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 6-ից 8-ը ՌԴ 21 վարչական միավորներում տեղի են ունեցել նահանգապետի ուղիղ ընտրություններ, իսկ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում և Ինգուշեթիայում ղեկավարներին ընտրել են ռեգիոնալ խորհրդարանները:

Մասնավորապես, Ալթայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Տուրչակը, որը ՌԴ կազմում գտնվող այդ հանրապետությունը գլխավորել էր երեք ամիս առաջ, ընտրություններում հավաքել է ձայների 74,09%-ը: Հաղթանակ է տարել նաև Կուրսկի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։ Նա ստացել է ձայների 65,28%-ը:

BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ վարչական միավորների բոլոր ղեկավարները, բացառությամբ Անդրբայկալյան երկրամասի ղեկավար Ալեքսանդր Օսիպովը, առաջադրվել էին «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից։ 

Խաբարովսկի երկրամասում, որտեղ 2020 թվականին բողոքի ցույցեր էին տեղի ունենում ընտրված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալության դեմ, հաղթանակ է տարել գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դմիտրի Դեմեշինը՝ ստանալով ձայների 81,03%-ը։ 

Սանկտ Պետերբուրգում էլ ձայների 90 %-ի հաշվարկից հետո հաղթում է գործող նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։ ԿԸՀ տվյալներով՝ նա ստացել է ձայների միայն 59,29%-ը։ Սանկտ Պետերբուրգում ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 35%-ից էլ քիչ մարդ։ 

Մոսկվայում էլ սեպտեմբերի 6-8-ն ընթանում էր Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունները։ Եթե նախկինում 45 մանդատից 20-ը բաժին էր հասել «Միասնական Ռուսաստան»-ին, ապա այս անգամ 38-ը։ Ընդ որում, սա առաջին անգամն էր, երբ ընտրություններին չէին մասնակցում ընդդիմադիր կամ անկախ թեկնածուները, ինչի պատճառով էլ, ըստ բազմաթիվ վերլուծաբանների, իշխանությունը կարողացել է Մոսկվայում ստանալ մանդատների բացարձակ մեծամասնությունը։

Լուսանկարը՝ Dmitri Lovetsky/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter