
Ուկրաինան Վրաստանից հետ է կանչել իր գործերի ժամանակավոր հավատարմատարին
Ուկրաինայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան որոշել է Վրաստանից հետ կանչել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինին, ինչպես նաև պաշտոնից ազատել փոխնախարար Իրինա Բորովեցին։ Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ Ուկրաինայի դեսպանների և գլխավոր հյուպատոսների հետ հանդիպումից հետո։
Սիբիգան նշել է, որ որոշել է դադարեցնել Վրաստանում գործերի ժամանակավոր հավատարմատարի երկարաժամկետ գործուղումը՝ «պատերազմող պետության դիվանագիտության իրողությունները նրա կողմից լիովին չհասկանալու պատճառով»։
Ինչպես նշում է Украинская правда պարբերականը, օգոստոսին Միխայիլ Խարիշինը հայտարարել էր, որ Ուկրաինան իր ժամանակին Թբիլիսիի կողմից ստացել էր Վրաստանում Ուկրաինայի նոր դեսպանի նշանակման հավանությունը, սակայն դրան խանգարել էր վրացական իշխանությունների կողմից անհասկանալի հռետորաբանությունը։
Անդրեյ Սիբիգան նաև հայտնել է, որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին զեկուցել է իրեն վստահված նախարարությունում կադրային առաջին որոշումների մասին: «Կլինի նախարարության նոր կառուցվածք, դեսպանատների վերանայված ժամանակացույցեր։ Մեզ երիտասարդությունն է պետք, որ միանա մեր աշխատանքին։ Դրա համար կստեղծվեն բոլոր պայմանները. նախատեսված է հանդիպում ճյուղային առաջատար բուհերի ղեկավարների հետ», - գրել է նա:
Մինչ այս Անդրեյ Սիբիգան զբաղեցնում էր Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ավելի վաղ, Գերագույն ռադան հաստատել էր Դմիտրի Կուլեբայի հրաժարականը, որը գերատեսչությունը ղեկավարում էր 2020 թվականի մարտից։
Լուսանկարը՝ Guram Muradov / Civil.ge
Մեկնաբանել