
Իրանը դարձյալ բարձրաձայնում է Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին
Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական և սահմանային ցանկացած փոփոխության։ Այդ մասին իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասիր Քանանին։
Վերջինիս փոխանցմամբ՝ այս օրերին, քան երբևէ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում։
Քանանին նշել է, որ «միջանցքի վերաբերյալ հրապարակվող նորությունների և վերլուծությունների հիմքում ընկած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս Ադրբեջան կատարած այցը, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները»:
«Իրանը շարունակելու է աջակցել տնտեսական հարաբերություններում խոչընդոտների վերացմանը՝ տարածաշրջանում անկախության և տարածքային ամբողջականության հարգման շրջանակներում ու նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը: Դա են ուզում տարածաշրջանի բոլոր երկրները։ Ոմանք ցանկանում են Կովկասը վերածել անկայունության տարածաշրջանի։ Նրանք ամեն գնով ձգտում են անկայունության հասնել այդ տարածաշրջանում։ Մենք վճռականորեն անհամաձայնություն ենք հայտնում տարածաշրջանում սահմանների փոփոխության փորձի հետ»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Բացի դրանից, Քանանին հավելել է, որ Թեհրանը կողմ է հանդես գալիս կոնֆլիկտների կարգավորման «3+3» տարածաշրջանային ձևաչափի ուժեղացմանը։
Լուսանկարը՝ Shutterstock Photo-ից
Մեկնաբանել