
«Տելեգրամը կա՛մ կդադարի գործել, կա՛մ կվերադառնա կարգավորման դաշտ». Արա Ղազարյան
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին Ֆրանսիայի իշխանությունների առաջադրած մեղադրանքներն արձագանքն են Եվրամիության Թվային ծառայությունների ակտի (Digital Service Act-DSA), որը լիարժեք սկսեց գործել այս տարվա փետրվարից։ Նման համոզմունք ունի մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը։ Թեեւ Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռեգնիերը հայտարարել է, որ «Տելեգրամ»-ի գործադիր տնօրենի ձերբակալությունն ինքնին կապ չունի DSA-ի հետ, պրն Ղազարյանը պնդում է, որ թվային ծառայությունները կարգավորող եվրոպական ակտը նոր միջավայր է ստեղծել, որտեղ պետությունները, ուզեն թե չուզեն, պետք է պրոակտիվ լինեն։
2023թ. oգոստոսի 25-ին ուժի մեջ մտած Թվային ծառայությունների ակտի նպատակն է կարգավորել թվային խոշոր հարթակների գործունեությունը Եվրամիության տարածքում եւ ուժեղացնել սպառողների իրավունքների պաշտպանությունը։ «Հետքը» Արա Ղազարյանի հետ զրուցել է Տելեգրամի հիմնադիր Դուրովի քրեական հետապնդման, թվային ծառայությունների ակտի ազդեցության մասին առհասարակ եւ մասնավորապես հայաստանյան լսարանի վրա։
DSA-ը ստեղծում է միջավայր, որի նպատակը մեկն է՝ մասնավոր հարթակները պետք է բացահայտեն, թե ինչ գաղտնի մեխանիզմներ կան իրենց հարթակներում, օրինակ՝ արհեստական բանականություն կամ թիրախավորված մարկետինգ։ Նորմը այս հարթակներին ստիպում է բացահայտել եւ պատժում է, եթե չեն բացահայտում։ Ստեղծվում է իրավական մի այնպիսի դաշտ, որտեղ մասնավոր սոցիալական ցանցերը պետք է թույլ տան, որ իրենց աուդիտ անեն, հաշվետվություններ պետք է ներկայացնեն ԵՄ կարգավորող մարմնին։ Սոցիալական հարթակները եւ որոնման համակարգերը չորս խմբի են բաժանվում, խոշորների նկատմամբ, որոնք ունեն 45 մլն-ից ավելի օգտատեր, ամենախիստ պահանջներն են սահմանված։ Դրանք 17-ն են՝ Alibaba AliExpress, Amazon Store, Apple AppStore, Booking.com, Facebook, Google Play, Google Maps, Google Shopping, Instagram, LinkedIn, Pinterest, Snapchat ; TikTok, X (նախկինում՝ Twitter), Wikipedia, YouTube, Zalando, Bing, Google Search։ Այս հարթակները եւ որոնման համակարգերը հաշվետու են ԵՄ կարգավորող մարմին։ Ավելի մեղմ պահանջներ են սահմանված 45 մլն-ից պակաս օգտատեր ունեցողների հանդեպ։ Սրանք էլ հաշվետու են ԵՄ 27 անդամ այն պետությունների ազգային կարգավորող մարմիններին, որն իրենք մատնանշում են։
Տելեգրամը որեւէ կերպ չի ցանկացել համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ, որը եւս DSA-ի դաշտում է գտնվում։ Ճիշտ է, ԵՄ հանձնաժողովը հայտարարել է, թե Դուրովի ձերբակալությունը կապ չունի DSA-ի հետ, բայց ես կարծում եմ, որ սա հենց DSA-ի արձագանքն է, որովհետեւ այն նոր միջավայր է ստեղծում, որտեղ պետությունները, ուզեն թե չուզեն, պետք է պրոակտիվ լինեն։ Առաջին արձագանքը Ֆրանսիայից եկավ, քանի որ ռուբիկոնն անցավ Տելեգրամը։
Դուրովի մեղադրանքների շարքում կան այնպիսի մեղադրանքներ, ինչպիսին են անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության կոնտենտի շրջանառությունը, թմրանյութերի շրջանառությունը և Ֆրանսիայի իշխանությունների հետ չհամագործակցելը։ Այս վերջինը Թվային ծառայությունների ակտի ձևաչափն է։ Այսինքն, չհամագործակցելու մասով մեղադրանքն առաջադրվել է Ֆրանսիայի ներքին օրենքի հիման վրա, բայց դա նաև Թվային ծառայությունների ակտի կարգավորման մեխանիզմ է։ Այսինքն, եթե Ֆրանսիան իր ազգային օրենքը չկիրառեր, ստիպված էր լինելու կիրառել ԵՄ-ի օրենքը, որը նույնաբովանդակ կարգավորում է առաջարկում։ Դա է պատճառը, որ ես նշում եմ, որ Դուրովի նկատմամբ քրեական հետապնդումը Թվային ծառայությունների ակտի արձագանքն է։
Խոշոր առցանց ընկերություններին պատասխանատվության կամ քրեական հետապնդման ենթարկելը շատ դժվար է՝ կշեռքի նժարին ազատ խոսքն է։ Տվյալ դեպքում, Ֆրանսիան որոշել է, որ Տելեգրամը չի համագործակցում, չի հայտնում, օրինակ՝ արդյոք ունի վերահսկողական մեխանիզմներ անչափահասների առնչվող կոնտենտի շրջանառության վերաբերյալ։ Տելեգրամը չի պատասխանել այս հարցին, իսկ եթե լինի DSA-ի անդամ, պարտավոր է պատասխանել։ Հակառակ դեպքում խոշոր տուգանք է նախատեսվում՝ տարեկան համախառն շրջանառության 6%-ը։ Այս պահի դրությամբ, Ֆեյսբուքի նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ ժամանակ են տվել, որ մեկ ծրագրի վերաբերյալ, որն այս օգոստոսից չի գործում, տվյալներ տրամադրի Եվրամիությանը։ Այս ֆոնին, երբ քրեական հետապնդում է սկսվում Տելեգրամի նկատմամբ, այսպես, թե այնպես, այն առնչվում է DSA-ի հետ։ Կոնկրետ դրա նորմերը չեն օգտագործվում, բայց դրա ուղեցույցն է օգտագործվում, կամ դրա ստեղծած միջավայրի արձագանքն է սա։ Ֆրանսիական իշխանությունները պարտավոր են գործել։ Դանիան, օրինակ, հայտնաբերել է, որ իր տարածքում մոտ 23 մլն թմրանյութ վաճառող կետեր կան Տելեգրամում։ Այսինքն՝ արդեն ազգային անվտանգության խնդիր է առաջանում։
Ինչու է Ֆրանսիան հիմա սկսել այս գործընթացը (հետաքննությունը սկսվել է փետրվարին), քաղաքական ենթատեքստ չեք տեսնո՞ւմ։
Եթե Ֆրանսիան չսկսեր, վաղ թե ուշ Եվրամիությունն էր սկսելու, իմ կարծիքով՝ ԵՄ-ն մի քիչ հապաղել է, որովհետեւ գործ ունի շատ խոշոր կազմակերպության հետ, մանավանդ, հնարավոր է՝ քաղաքականացված կազմակերպության հետ՝ հաշվի առնելով Ռուսաստանի գործոնը։ Իմ կարծիքով՝ այդ գործոնն առկա է, որովհետեւ Տելեգրամը ոչ միայն թմրանյութերի, ատելության խոսքի շրջանառության, այլեւ ռուսական քարոզչության գործիք է Ուկրաինայի, Եվրոպայի եւ ընդհանուր Արեւմուտքի դեմ, որտեղ կեղծ նարատիվներ են շրջանառվում։ Տելեգրամը թե’ ֆրանսիական, թե’ ԵՄ օրենքներով վաղ թե ուշ պիտի մտներ ԵՄ կարգավորման դաշտ։ DSA-ը որակական նոր միջավայր է ստեղծում ԵՄ տարածքում։ Տելեգրամը պիտի կանխատեսեր, որ վաղ թե ուշ իրեն պարտադրելու են կարգավորման դաշտ մտնել եւ իր նախաձեռնությամբ չորս ամսվա ընթացքում ստեղծեր համակարգեր մոդերացիայի համար։ Բայց այն նախընտրեց չպատասխանել տարբեր հարցումների, ինչի հետեւանքով այսօր քրեաիրավական հարթությունում է խնդիրը։
Տելեգրամը նաեւ ազատ խոսքի այլընտրանքային հարթակ է բռնապետական երկրների այլախոհների համար։
Ամերիկացիներն ասում են՝ ամեն ինչ ունի երկու սայր։ Այո, Տելեգրամը նաեւ ազատ խոսքի միջավայր է, որտեղ մարդիկ կարող են արտահայտվել՝ մնալով անանուն։ Դա սոցիալական արժեք է։ Բայց կշեռքի մյուս նժարին անօրինական բովանդակության բացասական ազդեցությունն է, մանավանդ անչափահասների, երեխաների վրա։ Դուրովին առաջադրված վեց մեղադրանքներն են՝ երեխայի իրավունքների ոտնահարում եւ պոռնոգրաֆիա, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, տեռորիզմի ֆինանսավորում, պատերազմի պրոպագանդա, ապատեղեկատվություն։
Մի կողմից՝ դրական միջավայր, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, մյուս կողմից՝ նույն միջավայրը վտանգավոր է ժողովրդավարական հասարակության համար։ Ինչ պետք է անել՝ փոխհավասարակշռել, բերել կարգավորման դաշտ։ Նույն Ֆեյսբուքում, թեեւ ՖԲ-ի կանոնակարգը արգելում է, մարդը կարող է անանուն հանդես գալ կամ կեղծանունով։ Ֆեյսբուքը չի հետաքննում նրանց դեպքերը, եթե անգամ պարզում է, ընդամենը դադարեցնում է նրանց գործունեությունը, հետաքննություն չի սկսում, այսինքն՝ նույն իրավապաշտպանների համար ՖԲ-ն անվտանգ միջավայր է, ուղղակի պետք է փոխհավասարակշռել հանրային եւ մասնավոր շահերը, ինչն արվում է Թվային ծառայությունների ակտով, որի հիմքում տեղեկատվության ազատ հոսքն է։ Ընտրված է այնպիսի մոդել, որ մասնավոր կազմակերպություններն իրենց գաղտնի համակարգերի մասին պետք է տեղեկացնեն սպառողին, ոչ թե պետությանը։ Թվային ծառայությունների եվրոպական ակտը հաշվետվողականության վերաբերյալ կարգավորում է, Տելեգրամը չի ցանկացել մասնակցել այդ ժողովրդավարական պրոցեսին։
Ի՞նչ կփոխի այս գործընթացը՝ անկախ արդյունքից։
Տելեգրամը կամ կդադարի գործել կամ կվերադառնա կարգավորման դաշտ։ Եթե վերադառնա, Տելեգրամի եկամուտները էապես կնվազեն եւ հնարավոր է՝ մրցակցությանը չդիմանա։ Եթե քրեական հետապնդումը շարունակվի, ուրեմն իր եկամուտները հիմնականում անօրինական բովանդակությունից են եղել։ Դուրովին սպասվում է մինչեւ 10 տարվա ազատազրկում, ինձ թվում է՝ այս վարույթը դեռ երկար կտեւի, շատ արձագանքներ կլինեն, բայց Տելեգրամի դատավարությունը կստիպի, որ Թվային ծառայությունների ակտը ավելի արագ սկսի աշխատել ԵՄ տարածքում։ Սոցիալական ցանցերի մոդերացիայի գործընթացն ավելի արդյունավետ կդառնա ԵՄ տարածքում։
Մոդերացիային անդրադառնանք։ Սոցիալական ցանցերում այն երբեմն կամայական ձեւով է կատարվում։ Հայաստանյան բազմաթիվ կազմակերպություններ բողոքներ ունեն Ֆեյսբուքից, որն առանց տրամաբանության եւ հիմնավորման էջեր է փակում, նվազեցնում տեսանելիությունը։ Օրինակ՝ Մոնթե Մելքոնյանի մասին գրառումների դեպքում։
Ֆեյսբուքը մակրոմակարդակում է մոդերացիա անում, ոչ թե միկրո։ Այն ամերիկյան կազմակերպություն է, եւ սահմանափակումները դրվում են համաձայն ամերիկյան օրենսդրության։ Դրա համար փորձում է ռեգիոնալ առումով ունիվերսալ ստանդարտներ սահմանել։ Մոնթեի խնդիրը վաղ թե ուշ կլուծվի, ուղղակի պետք է Հայաստանից էլ քայլեր ձեռնարկվեն։ ԱՍԱԼԱ-ն, ըստ ամերիկյան օրենսդրության, ահաբեկչական կազմակերպություն է, եւ քանի որ Մոնթեն առնչվել է այս կազմակերպությանը, ՖԲ-ն այս հարցը դիտարկում է ամերիկյան օրենսդրության ներքո, որն արգելում է ահաբեկչության պրոպագանդան կամ գովաբանումը։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չի կարող գործել, օրինակ, Մոնթե Մելքոնյանի անվան փողոց, եւ ով իրեն նշի այդ փողոցում, արգելափակվի։ Որպեսզի անհատական մոտեցում դրսեւորվի, պետք է մեխանիզմներ գտնվեն։
Թվային ծառայությունների ակտը հիմնականում կարգավորում է ծառայություններ մատուցողի եւ սպառողի իրավահարաբերությունները։ Օրինակ՝ ՖԲ-ն իր ինտերֆեյսում պետք է տեղեկացնի սպառողներին, որ անձնական տեղեկություններ է հավաքում, որ այն, ինչ դուք տեղադրում եք, դրա հեղինակային իրավունքն ինձ է պատկանում (նման դատական գործ եղավ), որ օգտագործում է թիրախավորման համակարգեր, օրինակ՝ արհեստական բանականություն նորությունների համար սպառողին ընտրելու։ Ընդամենը պետք է տեղեկացնի սպառողին, որ վերջինս որոշում կայացնի՝ օգտվե՞լ, թե ոչ։ Ակտի նպատակը դա է։ Հարթակները հաշվետվողական համակարգեր պետք է ստեղծեն, հակառակ դեպքում խոշոր տուգանքներ կվճարեն։ Այս թափանցիկ միջավայրից կօգտվի սպառողը։
Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կթողնի Տելեգրամի հիմնադրի դատավարությունը, թեեւ Հայաստանը ԵՄ անդամ չի։
Թվային ծառայությունների ակտի իրավակազմակերպչական մոդելը համակարգավորման մոդելն է։ Հայաստանում այն կարող է խթանել համակարգավորման մոդելի ներմուծումը կամ կիրառումը։ Դոմենային տիրույթում՝ դոմեններ կառավարող կազմակերպությունների եւ օգտատերերի միջեւ քաղաքացիաիրավական հարաբերությունները, որին կմասնակցի նաեւ պետությունը՝ ստանդարտներ մշակելու իր լիազորությամբ։ Իսկ վնասակար կոնտենտը հեռացնելու, պայմանագիր խզելու, օգտատիրոջ վրա որեւէ կերպ ազդելու հարցը պետք է լուծվի դոմենը կառավարողի եւ օգտատիրոջ միջեւ։ Մենք ինքներս կարող ենք համակարգավորման այս մոդելը կիրառել։ Պետությունը պետք է մասնակցություն ունենա, բայց այնպես, որ ինֆորմացիայի ազատ հոսքը, այդ թվում՝ քննադատական ինֆորմացիայի, դրանից չտուժի։ Եթե Հայաստանը ԵՄ-ի հետ խորը ինտեգրման գնա, վաղ թե ուշ մեր առջեւ վնասակար բովանդակության կանխարգելման պահանջ կդրվի։ Ի՞նչ է այսօր կատարվում՝ դոմենային մասնավոր ընկերությունները միայն իրենց հաճախորդների հետ են քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատում։ Պետության հետ համագործակցությունը միայն քրեաիրավական տիրույթում է, երբ օգտատերը հանցագործություն է կատարում։ Բայց դոմենային կառավարիչները պետք է դերակատարում ունեն։
Արդյոք պետությանը լծակ չի տրվում այդ պատրվակով սահմանափակել քննադատական խոսքը։
Լծակ չենք տալիս, բայց առիթ տալիս ենք։ Բնականաբար, եթե համակարգավորման մոդել մշակենք, պետք է հակակշիռներ լինեն, որ պետությունը չչարաշահի կանխարգելման մեխանիզմը։ Եթե հանրային եւ մասնավոր շահերի փոխհավասարակշռումը ճիշտ իրականացվի, իսկ դրա վերաբերյալ ուղեցույցները շատ են, վտանգ բոլորովին չեմ տեսնում։ Հակառակ դեպքում այսօր էլ ոչ մեկը երաշխիք չունի, որ պետությունը որեւէ մեկիս վերաբերյալ օպերատիվ տվյալ չի հավաքում։ Թվային ծառայությունների ակտը շատ լավ հավասարակշռում է խոշոր կազմակերպությունների տնտեսական շահը եւ ԵՄ-ում ապրողների իրավունքները եւ ընդհանուր հանրային շահը, որ ԵՄ տարածքում միջազգային հանցագործությունների վերաբերյալ թափանցիկ մեխանիզմներ առաջարկվեն։ Համակարգը նոր է, բայց Դուրովի գործը կանխարգելման մեխանիզմի հորիզոնական ազդեցության առաջին ազդակն է։ Կրկնեմ՝ ստեղծվեց մի միջավայր, որտեղ ազգային քրեական հետապնդման մարմինները ստիպված պետք է ավելի ակտիվ աշխատեին։ Մինչ այդ, հնարավոր է, իրենք օպերատիվ տվյալներ ունեին, բայց պասիվ վիճակում էին։ Բոլորս գիտենք, որ Հայաստանում էլ Տելեգրամը թմրանյութերի շրջանառության ամենամեծ հարթակն է։ Երկու ճանապարհ կա՝ կամ փակում ենք այդ հարթակը, բայց դա նաեւ ազատ խոսքի հարթակ է, կամ բերում ենք կարգավորման դաշտ, պայմանով՝ այնպես կարգավորել, որ ազատ խոսքը չկաշկանդվի։ Միեւնույն ժամանակ, հենց այդ պլատֆորմի բացահայտումների շնորհիվ հասարակությունը կկարողանա վերահսկել այդ պլատֆորմի աշխատանքն այնպես, որ անօրինական բովանդակությունը կանխարգելվի եւ հեռացվի։
Ամփոփելով՝ մեր խնդիրն այստեղ՝ Հայաստանում, համակարգավորման նման մեխանիզմ ստեղծելն է, որտեղ մասնավոր կազմակերպությունները պետք է պարտավորված լինեն մոդերացիա կատարել ու բացահայտել պետության եւ սպառողների համար գաղտնի համակարգերի ու անօրինական կոնտենտի մասին տեղեկատվությունը, իսկ պետությունը պետք է այդ գործունեության համար ստանդարտներ մշակի։
Գլխավոր լուսանկարում՝ Արա Ղազարյանը/«Հետք»
Մեկնաբանել