
ՌԴ Վորոնեժի մարզում անօդաչուն ընկել է զինապահեստի վրա. տեղի բնակիչներին տարհանում են
Սեպտեմբերի 7-ի գիշերն անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի Վորոնեժի մարզի տարածքի վրա։ Meduza-ի փոխանցմամբ՝ այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
Գիշերը՝ 03:34-ին, Գուսևը գրել է, որ մարզի տարածքի արևմուտքում, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմամբ անօդաչուի ընկնելու հետևանքով «հրդեհ է բռնկվել, որն անցել է պայթյունավտանգ առարկաներին»։ Նահանգապետի խոսքով՝ առաջացել է դետոնացիա, խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան։
Տելեգրամյան Astra ալիքը հայտնում է, որ տեղի բնակիչների խոսքով՝ հարձակման է ենթարկվել Սոլդատսկոյե գյուղի սպառազինության պահեստը։ Այդ մասին հայտնում են նաև ուկրաինական տելեգրամյան ալիքները։
Գուսևի խոսքով՝ իշխանությունները որոշել են գյուղերից մեկի բնակիչներին ժամանակավորապես տարհանել այլ բնակավայրեր։ Astra-ն գրում է, որ տարհանվում են Սոլդատսկոյե գյուղի բնակիչները։ Տարհանված բնակիչների մեծ մասը տեղավորվել է հարազատների և ծանոթների մոտ, մի քանի տասնյակ մարդ էլ գտնվում է ժամանակավոր տեղավորման կետում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը Վորոնեժի մարզի վրա հարձակումը չի մեկնաբանել։ Գերատեսչությունում հայտնել են, որ սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ՀՕՊ միջոցները երկուական անօդաչու են խոցել Բելգորոդի և Կուրսկի մարզերում:
Լուսանկարը՝ voronej.bezformata.com-ից
Մեկնաբանել