
Իրանն առաջիկայում բալիստիկ հրթիռներ կփոխանցի Ռուսաստանին. Bloomberg
Եվրոպացի պաշտոնյաներն ակնկալում են, որ Իրանը մոտ ժամանակներս բալիստիկ հրթիռներ կմատակարարի Ռուսաստանին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գործակալության զրուցակիցները չեն բացահայտել մատակարարումների ծավալներն ու ժամկետները, ինչպես նաև հրթիռների տեսակները: Ընդ որում, պաշտոնյաներից մեկն ասել է, որ մատակարարումները կարող են մեկնարկել մի քանի օրվա ընթացքում:
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս անդամներն ավելի վաղ նախազգուշացրել էին Իրանին խուսափել Մոսկվային բալիստիկ հրթիռների մատակարարումից։
ԱՄՆ ներկայացուցիչները հրաժարվել են Bloomberg-ին մեկնաբանել այս տեղեկատվությունը: Իրանի ԱԳՆ-ում և ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցչությունում չեն պատասխանել գործակալության հարցումներին:
Իրանն ու Ռուսաստանը համագործակցում են անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցում, որոնք ՌԴ զորքերն օգտագործում են Ուկրաինա ներխուժման ժամանակ: ՌԴ բանակն Ուկրաինայի վրա հարձակումների ժամանակ կիրառում է իրանական Shahed անօդաչուները, որոնք արտադրվում են նաև Թաթարստանի «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու տարածքում:
Ինչպես հայտնել էր Reuters գործակալությունը, 2024 թվականի հունվարի սկզբին Իրանը Ռուսաստանին էր փոխանցել մոտ 400 բալիստիկ հրթիռ, այդ թվում՝ «Fateh-110» հրթիռները, որոնք կարող են խոցել 300-700 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:
Պատերազմում Ռուսաստանն օգտագործում է ինչպես սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ, այնպես էլ հյուսիսկորեական KH-23 հրթիռները։
Լուսանկարը՝ Mohsen Shandiz/Corbis via Getty Images
Մեկնաբանել