
«Զինծառայողները ծանր հոգեբանական վիճակում էին». Խուռհատի գործով ցուցմունք տվեց սպա-հոգեբանը
Դատարանի միջանցքում ժամերով սպասելը վատ սովորություն է դարձել. մեղադրյալին ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գումարտակն ուշ է բերում, կամ ազատ դահլիճ չկա։ Միջանցքում մեկ ժամ սպասելուց հետո զոհվածների ծնողներին ու լրագրողներին նիստերի դահլիճ են հրավիրում։ Խուռհատի գործով վկան այսօր Ջրականի զորամասի սպա-հոգեբան Արայիկ Հայրյանն է։
Զորամասի հոգեբանը դատարանին հայտնեց, որ Ջրականի 5-րդ գումարտակի զինծառայողները 44-օրյա պատերազմի ժամանակ ծանր հոգեբանական վիճակում են եղել։
Հիշեցնենք՝ գումարտակի զինծառայողների մեծ մասը նորակոչիկներ էին՝ 2 ամսվա ծառայողներ։ Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում է պատերազմի ընթացքում նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։
Չիմանալով հակառակորդի տեղակայման մասին՝ նորակոչիկների մի մասը Վանք գյուղ նահանջելով՝ զոհվել կամ գերեվարվել է։
Արայիկ Հայրյանի խոսքով՝ զինծառայողներն իրեն պատմել են, որ Խուռհատում հակառակորդը հարձակման է անցել, խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, կապ չի եղել։
«Զինծառայողները տվյալ պարագայում սթրեսային վիճակում էին, առաջինը վախն էր իրենց մոտ, տագնապայնությունը, ընկերների կորուստը»,- պատմեց հոգեբանը։
Ըստ նրա՝ զինծառայողները հայտնել են, որ իրենք զենքին չեն տիրապետել, հակառակորդը պատրաստված էր, իսկ սպաներն իրենց հետ չեն եղել։
Դատավոր Ջոն Հայրապետյանը հետաքրքրվեց՝ ինչ-որ մեկին մեղադրո՞ւմ էին այդ խառնաշփոթի համար, կամ որ իրենց ընկերները զոհվել են։
-Դեպք չեմ հիշում,- պատասխանեց հոգեբանը։
Դատավորը նշեց՝ մոտ 30 վկա հարցաքննվել և հայտնել է, որ վատ բարոյահոգեբանական վիճակում է եղել՝ պայմանավորված x հանգամանքի հետ։ Դատավորը հետաքրքրվեց, թե զինծառայողները հոգեբանին ինչ հիմնական պատճառ են հայտնել, որի հետևանքով գտնվել են վատ բարոյահոգեբանական վիճակում։
-Մնացել մենակ, տարբեր ուղղություններով են գնացել,- պատասխանեց հոգեբանը, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց։
-Նորմալ պատասխանի,- տեղից ասացին ծնողները։
Դատավորը հարցրեց՝ ինչ պատճառ են նշել զինծառայողները Խուռհատ սարի օպերացիան ձախողելու համար։
-Սպա չեն ունեցել իրենց հետ,- ասաց նա։
-Ըստ գործի նյութերի՝ Իշխան Վահանյանը իրենց հետ բարձրացել է Խուռհատ սար, բա էլ ո՞նց սպա չեն ունեցել,- հարցրեց դատավորը։
-Դե որ վիրավորվել ա, գնացել ա։
-Զինվորները Ձեզ հայտնե՞լ են այդ հանգամանքի մասին։
-Պատմել են, որ վիրավորվել ա գնացել ա… Ես լսեմ եմ, որ չի էլ վիրավորվել։
Սպա-հոգեբանը թե՛ դատավորի, թե՛ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի հարցերին հստակ չէր պատասխանում։
-Պատերազմի ժամանակ կոնտուզիա եմ ստացել,- այսպես մեկնաբանեց Հայրյանը։
Դատավորը հայտնեց, որ վկան պետք է փորձի վերհիշել և բոլոր հարցերին պատասխանել։
-Անհնար է թեկուզ կոնտուզիա ստացած սպան տենց էական բաները չհիշի,- ասաց Ջոն Հայրապետյանը։
Տուժողի իրավահաջորդ Արսեն Ղուկասյանն էլ դատարանում հայտարարեց, որ զորամասի հոգեբանի ներկայությամբ զրուցել է մի շարք զինծառայողների հետ, և որ Հայրյանը մի շարք զինծառայողների մարտական ուղիներ է պատրաստել, խոսել է նրանց հետ։
-Եթե դու մարտական ուղի ես սարքել, ո՞նց կարող է չիմանայիր՝ իրենց հետ ինչ եղավ։
Մարտական ուղիներում նշվել են զինծառայողի կատարած սխրանքները, թե ոնց են հակառակորդին դիմագրավել, բոլոր փաստաղթղերը տպվել և պահպանվում են,- ասաց նա։
Հայրյանի հարցաքննությունն ավարատվեց։ Դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ մեկ այլ վկա Արթուր Քարամյանը խուսափում է դատարան ներկայանալ։ Վերջինիս բերման ենթարկելու որոշում կայացրեց։ Հիշեցնենք՝ Քարամյանը 44-օրյա պատերազմի սկզբում Ջրականի զորամասի առաջնագծի մասով հրամանատարի տեղակալ է եղել, այնուհետև՝ զորամասի հրամանատար։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16.00-ին։
Արթուր Քարամյանի նախորդ ցուցմունքը՝
Մեկնաբանել