
Հողագործը իշխանություններին խնդրում է հողին ու գյուղացուն ընդունել որպես «ազգային սրբություն» (վիդեո)
62-ամյա Սիմոն Ջամալյանի առավոտը ազդարարվում է աքաղաղի կանչով, և լույսի առաջին շողերի ներքո սկսվում է նրա հողի աշխատանքը: Նա Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի իր տնամերձ հողամասում ունի պոլիէթիլենային տոպրակներով ծածկվող, 1500քմ մակերեսով ջերմոցային տնտեսություն և օրվա հիմնական մասն անցկացնում է ջերմոցներում: Կեսօրին, երբ ջերմոցում ջերմաստիճանը մոտենում է 50 աստիճանին, Սիմոն Ջամալյանը ընդմիջում է անում և երեկոյան նորից սկսում աշխատել մինչև մութն ընկնելը: Նրա դեպքում ընդմիջում անելն էլ է հարաբերական, քանի որ դաշտերում մեկ հեկտար ռեհանի ցանքատարածություն է հիմնել: Ճիշտ է՝ անհրաժեշտության դեպքում բանվոր էլ է պահում, սակայն պարտադիր ինքն էլ ընտանիքի անդամների հետ մասնակցում է այդ աշխատանքներին:
Սիմոն Ջամալյանը կրթությամբ մեխանիկ է, ժամանակին ավարտել է երկու ուսումնական հաստատություն, սակայն իրեն ամբողջությամբ նվիրել է հողագործությանը: Ջերմոցային տնտեսություն հիմնել է ավելի քան 10 տարի առաջ: Սկզբում այն զբաղեցրել է քիչ տարածություն, հետո ընդլայնվել է:
2007 թվականից սկսած՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի «Ջրից դեպի» շուկա» բաղադրիչով Սիմոն Ջամալյանի ջերմոցային տնտեսությունը եղել է օրինակելի տնտեսություն և սածիլների արտադրման կենտրոն: Համապատասխան ցուցանակը դրված էր նրա տան պատի տակ: Ամերիկյան ընկերությունը, ոգևորվելով հայ հողագործի հաջողություններից, նրան նվիրել է ժամանակակից ջորմոց՝ օդափոխման համակարգով:
![]() |
![]() |
Հասարակ հողագործի տնտեսությունը դիտելու համար ջերմոցներ են այցելել տարբեր պաշտոնյաներ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարը և այլք:
Սիմոն Ջամալյանն այժմ սկսում է զբաղվել էկոբանջարաբուծությամբ և նոր սորտերի մշակմամբ: Ցանկանում է վերականգնել «համ ու հոտ ունեցող» նախկին սորտերը, որոնք այսօր գրեթե վերացման շեմին են: Զբաղվում է նաև արմատային նեխուրի (քարավուզ) և էկզոտիկ այլ բանջարեղենի մշակությամբ: Կիևյան փողոցի բացօթյա, գյուղատնտեսական շուկայում անցյալ տարի նույնիսկ ձեռք է բերել մշտական հաճախորդներ, որոնք մինչ օրս հեռախոսազանգով Սիմոն Ջամալյանից էկզոտիկ բանջարեղեն են պահանջում:
Ամբողջ ջերմոցային տնտեսությունը ոռոգվում է կաթիլային եղանակով, և հողում բահ գրեթե չի օգտագործվում: Չնայած նշված հաջողություններին՝ Սիմոն Ջամալյանն էլ ուներ իր խնդիրներն ու մտահոգությունները: Նա էլ բերքի իրացման դժվարություններ ունի: Բացի դրանից՝ ի վիճակի չէ ջերմոցային տնտեսությունը զարգացնել ձմռան ամիսներին. ասում է՝ գազը թանկ է, և ինքը չի կարող ջեռուցման խնդիրը լուծել:
Սիմոն Ջամալյանը չէր կարողանում թաքցնել իր արցունքները, երբ խոսում էր հողի ու գյուղացու մասին: Նրա ձեռքերը մի պահ սկսեցին դողալ: Հողագործի յուրաքանչյուր խոսքում կային կարոտ ու նվիրում: Նա իշխանություններին գրեթե խնդրում էր հողին ու գյուղացուն ընդունել որպես «ազգային սրբություն», քանի որ նրանք են պահում երկիրը:
Սիմոն Ջամալյանը ցավով էր ընդունում, որ գյուղացին այսօր հող չի մշակում և հացի խնդիրը լուծելու համար բռնել է արտագաղթի ուղին: Նրա կարծիքով՝ գյուղացուն պետք է պարտադրել, որ հողը մշակի, քանի որ չմշակվող հողը աղակալում ու կորցնում է որակական հատկանիշները:
«Պետք է պետությունն ասի՝ գյուղացի, եթե դու ի վիճակի չես հողդ մշակել, 5 տարի ժամանակով պայմանագրով հանձնիր գյուղապետարանին: Գյուղապետարանն էլ այդ հողը մշակության կտա այն մարդուն, ով ի վիճակի կլինի մշակել: Կան անմշակ հողեր, և մարդիկ էլ կան, որ ցանկանում են դրանք մշակել, սակայն սեփականատերերը թեև չեն մշակում, բայց շատ գումար են ուզում, որ հողը տան մշակության, իրենք էլ արտերկրում են: Ամբողջ հողերը փուշը պատել է, դրա սերմերն էլ այնքան թեթև են, որ նույնիսկ մեղմ քամու դեպքում տարածվում և վարակում են տարածքի բոլոր հողերը: Այսօր գերխնդիր է փրկել Արարատյան դաշտավայրի թեկուզ մեկ սանտիմետր հողը»,- ասում է Ս. Ջամալյանը:
Նրա մտահոգություններից մեկն էլ այն էր, որ գյուղացին կրթված չէ, և գյուղերում չկան խորհրդատուներ: Սիմոն Ջամալյանը ցանկանում է ստեղծել խորհրդակցական կենտրոն և խորհուրդներով կրթել գյուղացուն: Հիմա էլ են շատերը դիմում Սիմոն Ջամալյանին՝ խորհուրդ ստանալու: Նպատակ ունի նաև լաբորատորիա ստեղծել, որ գյուղացին կարողանա հողի անալիզ անել և իմանալ, թե իր հողին ինչ է անհրաժեշտ: Օրինակ՝ ինքն ամեն տարի հողի նմուշը ստուգում է համապատասխան լաբորատորիաներում և ըստ դրա էլ որոշում՝ ինչպես սնուցել: Նրա խոսքով՝ այսօր հողը պարարտացվում է միակողմանի, իսկ գյուղացին օգտագործում է միայն ազոտական պարարտանյութ, ինչը կարող է վնաս հասցնել և հողին, և մարդու առողջությանը: «Մարդիկ պարարտանյութ են գնում՝ առանց իմանալու, թե իրենց հողին ինչ է անհրաժեշտ»,- ասում է 62-ամյա հողագործը:
Տարբեր գիտաժողովներում և հանդիպումներում Ս. Ջամալյանը բազմիցս հանդես է եկել առաջարկությամբ, որ հեռուստատեսությամբ «կիսամերկ կլիպներ ցուցադրելու փոխարեն» օրվա ընթացքում գոնե 10 րոպե հատկացնեն գյուղացուն և խորհրդատվությամբ կրթեն նրան, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվել:
«Գյուղացին ինչքան հարուստ լինի, ազգի հարստությունն է: Մեր հանճարների գենոֆոնդը գյուղն է ապահովել. ուսումնասիրեք, կտեսնեք, որ հանճարների 80-90 տոկոսը գյուղացիներ են եղել: Այն երեխաներն են հանճարներ դարձել, որոնք ապտակով են մեծացել, կյանքի դժվարություն են տեսել, և կրթությունն իրենց համար գերխնդիր է եղել: Այսօր ազգային գաղափարախոսություն է պետք, թե ուր ենք գնում: Ցույց տվեք մի ազգային ծրագիր կամ գաղափարախոսություն, որ ազգը պիտի զարգանա այդ ուղղությամբ: Այս տարածաշրջանում մեր գիտական պոտենցիալն առաջին տեղում էր, իսկ հիմա՞: Եվրոպան մեզանից ընդօրինակելու շատ բան ունի: 500 տարի պետականություն չենք ունեցել, բայց հայ ենք մնացել: Ազգային գաղափարախոսություններից մեկն էլ այն կլինի, որ այսօր պահպանենք մեր սուրբ ընտանիքը, ոչ թե եվրոպական գրանտները ստանալով՝ միասեռություն քարոզենք: Եվրոպայից պետք է վերցնել միայն գերմանական ճշտապահությունը, թե չէ որպես հնագույն ազգ պետք է մենք օրինակ ծառայենք»,- արցունքն աչքերին՝ ասում է Սիմոն Ջամալյանը:
Նրա խոսքով՝ գյուղացին երբեք չի հարստանում, քանի որ իսկական հողագործը ստացած եկամուտը նորից ներդնում է հողի մեջ: «Մարդիկ վարկ են վերցնում, որ իրենց տան պատուհանները եվրոպականով փոխեն: Իմ տունն արդեն 50-60 տարի է, կառուցված է, բայց նույն դռներն ու պատուհաններն են մնացել: Ես էլ կուզենայի լավ եկամուտ ստանայի, իմ տանը ստեղծեի քաղաքայինին բնորոշ կոմունալ հարմարություններ, բայց հիմա իմ եկամուտը ներդնում եմ հողի վրա, որ այն շարունակական լինի: Ոչինչ, թող մի քիչ էլ վատ բաղնիք ունենամ, բայց բիզնեսս թող շարունակվի»,- ասում է Սիմոն Ջամալյանը:
Հրաժեշտ տալով՝ նա հույս հայտնեց, որ շուտով կունենանք այն հայրենիքը, որը երազել ենք, և հպարտությամբ ենք ապրելու այս հողի վրա:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել