
163 օրը տեսչական մարմնին բավարար չէ ստուգումներ անելու համար
Այս տարվա փետրվարին «Հետքն» ուսումնասիրեց Հայաստանում չգրանցված դեղերի շուկան։ Երևանի 6 դեղատներից 12 անուն չգրանցված դեղ ձեռք բերեցինք եւ ցույց տվեցինք, թե ինչպես է դա հնարավոր։
Գնումը կատարել էինք փետրվարի 22-ին և 23-ին։ Փետրվարի 26-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տրամադրել էինք հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնները, նշել դեղատների հասցեները, անունները, ձեռքբերված դեղերի անունները եւ հարցրել՝ արդյոք կուսումնասիրեն։
Մարտի 11-ին տեսչական մարմինը գրավոր հարցմանը պատասխանել էր, որ ձեռնարկվել են համապատասխան գործողություններ, արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնեն։
Ապրիլի 6-ին՝ գրավոր հարցումից 40 օր անց, հրապարակեցինք չգրանցված դեղերի վերաբերյալ հետաքննությունը, բայց տեսչական մարմինը իր գործողությունների արդյունքների մասին հայտարարություն դեռ չէր արել։
Ապրիլի 30-ին կրկին հարցում ուղարկեցինք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ արդյունքների մասին տեղեկանալու։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից մայիսի 6-ին հայտնեցին, որ Պետական եկամուտների կոմիտեն երկու դեղատանը հսկիչ գնումներ է կատարել, որոշ խախտումներ է հայտնաբերել: Մեկ այլ՝ հունիսի 4-ին ուղարկված գրությամբ տեսչական մարմինը հայտնել է, թե իրենց գրության հիման վրա ՊԵԿ-ը ստուգումներ է արել մեր մատնանշած ևս 3 դեղատներում և հայտնաբերել որոշ խախտումնեեր։
Մինչ այդ՝ մայիսի 15-ին, ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը մերժել էր հարցազրույցի մեր առաջարկը՝ ասելով, թե այս փուլում դրա անհրաժեշտությունը չի տեսնում եւ առաջարկելով այն հետաձգել մեկ-երկու ամսով։
Օգոստոսի 1-ին կրկին գրավոր հարցում ուղարկեցինք Տեսչական մարմին՝ տեղեկանալու, թե, ի վերջո, ԱԱՏՄ-ն որևէ ինքնուրույն գործողություն արե՞լ է։
Մասնավորապես, հարցրել էինք՝
- Ի՞նչ է պարզել Տեսչական մարմինը։
- Ո՞րն է նրա գործառույթը։
- Արդյո՞ք Տեսչական մարմնին բավարար չէին «Հետքի» ներկայացրած փաստերը (գնումների կտրոններ, տեսագրություններ)։
- Ո՞ր դեպքում կարող է Տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնել եւ ինչպե՞ս:
Օգոստոսի 1-ի հարցման մեջ կրկնել էինք Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հետ հարցազրույցի մեր խնդրանքը։ Մեր այս բոլոր հարցերին օգոստոսի 7-ին Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Մարիամ Մովսեսյանը հայտնել է, որ հայցվող տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ է կատարել լրացուցուցիչ աշխատանք։
Այսինքն՝ 163 օրը բավարար չէր տեսչական մարմնին ուսումնասիրություն անելու համար։ Հիշեցնենք, որ «Հետքը» տրամադրել էր անհրաժեշտ բոլոր տեղեկությունները՝ դեղատների անունները, գնված 12 դեղերի անվանումները, հսկիչ դրամարկղային կտրոնները:
Որոշեցինք արհեստական բանականությանը հարցնել՝ արդյոք 163 օրը բավական չէր 6 դեղատնից գնված 12 դեղի վերաբերյալ ստուգում իրականացնելու համար։
ChatGPT-ն պատասխանել է. «Եթե ստուգող մարմնին տրամադրվել են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ դեղերի անվանումները, հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնները, և դուք նշել եք, որ նրանք միայն պետք է մտնեին դեղատներ, կատարեին ստուգիչ գնումներ և արձանագրեին խախտումները, ապա գործընթացը իրականում պետք է բավականին արագ կատարվեր:
Այսպիսով, երբ տվյալներն արդեն տրամադրված են, իսկ ստուգման գործողությունները միայն դեղատներում ստուգիչ գնումներ կատարելն ու խախտումները արձանագրելն է, ապա ամսվա ընթացքում հնարավոր է, որ ստուգող մարմինը ավարտեր գործընթացը:
163 օրը չափազանց երկար ժամանակ է նման պարզ հարցի համար: Ստուգող մարմինը, ենթադրաբար, կարող էր այս ընթացքում արդեն իրականացնել անհրաժեշտ ստուգումները և տրամադրել պատասխան: Եթե նման իրավիճակում ժամանակի երկարաձգումը շարունակվում է, ապա հնարավոր է, որ կա կազմակերպչական կամ ընթացակարգային բնույթի խնդիր»:
ChatGPT-ն առաջարկում է նաև դիմել ավելի բարձր ատյանների կամ կարգապահական մարմինների՝ հարցի արագ լուծման համար:
Հոդվածում օգտագործվել է ChatGPT-ի GPT-4o մոդելը
Մեկնաբանել