
Դեմոկրատական կուսակցությունից փոխնախագահի թեկնածուն կլինի Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը
Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից փոխնախագահի թեկնածուն կլինի Թիմ Ուոլցը: Այդ մասին Հարիսը գրառում է արել Х-ի իր միկրոբլոգում։
I am proud to announce that I've asked @Tim_Walz to be my running mate.
— Kamala Harris (@KamalaHarris) August 6, 2024
As a governor, a coach, a teacher, and a veteran, he's delivered for working families like his.
It's great to have him on the team.
Now let’s get to work. Join us:https://t.co/W4AE2WlMTj
Ուոլցի ընտրության մասին ավելի վաղ հայտարարլե էին նաև CNN-ը, Associated Press-ը և The New York Times-ը։ Reuters գործակալությունն էլ գրել էր, որ Հարիսն ընտրությունը կատարում է Ուոլցի և Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շափիրոյի միջև։
Անցած հանգստյան օրերին, ինչպես հաղորդել էր Politico պարբերականը, Հարիսը մի քանի հանդիպումներ ու հեռախոսազրույցներ էր ունեցել փոխնախագահի թեկնածու առաջադրվելու հնարավոր թեկնածուների հետ: Պարբերականի տեղեկություններով՝ հիմնական թեկնածուների եռյակում էին Թիմ Ուոլցը, Ջոշ Շափիրոն և Արիզոնայից սենատոր Մարկ Քելին: Ընդհանուր առմամբ, փոխնախագահի թեկնածուի դերին հավակնում էր վեց մարդ:
60-ամյա Թիմ Ուոլցը ԱՄՆ Ազգային գվարդիայի նախկին զինվորական է և նախկին ուսուցիչ։ Մինեսոտայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի հունվարից։ Շատ տեսաբանների կարծիքով՝ Ուոլցը բավականին ուժեղ թեկնածու է ու կարող է մեծ խնդիրներ ստեղծել Դոնալդ Թրամփի և Ջեյ Դի Վենս համար։
Քամալա Հարիսի քաղաքական թիմը սկսեց փոխնախագահի թեկնածուների դիտարկումը շուրջ երկու շաբաթ առաջ, այն բանից հետո, երբ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում։ Բայդենը նաև իր աջակցությունը հայտնեց Քամալա Հարիսին՝ նշելով, որ հենց նա պետք է լինի դեմոկրատների նախագահի թեկնածուն։
Կոլաժը՝ Հարիսի X-ի միկրոբլոգից
Մեկնաբանել