
Խաղաղության երկրորդ գագաթնաժողովին պետք է ներկա լինեն Ռուսաստանի ներկայացուցիչները. Վլադիմիր Զելենսկի
Խաղաղության երկրորդ գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությունն անհրաժեշտ է ուկրաինական պատերազմը դադարեցնելու և ինչ-որ իրական արդյունքի հասնելու համար։ Այդ մասին ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես կարծում եմ, ինչպես և շատ երկրներ, որ նոյեմբերին կայանալիք խաղաղության երկրորդ գագաթնաժողովին պետք է ներկա լինեն Ռուսաստանի ներկայացուցիչները, հակառակ դեպքում մենք իրական արդյունքի չենք հասնի։ Ես չեմ ուզում, որ նրանք արգելափակեն մեր ընդհանուր ծրագրի նախապատրաստումը։ Եթե ամբողջ աշխարհը ցանկանում է նրանց տեսնել բանակցությունների սեղանի շուրջ, ապա մենք չենք կարող դեմ լինել»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
Զելենսկին, պատասխանելով բանակցությունների նախապայմանների մասին հարցին, հայտարարել է, որ արդար խաղաղությունը պետք է ներառի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման հնարավորությունը։ Նա ընդգծել է, որ դա «պարտադիր չէ անել զենքի միջոցով»։ «Մենք այդ հարցերը կարող ենք լուծել դիվանագիտական ճանապարհով, եթե Ռուսաստանը ցանկանա»,- նշել է նա։
Տարածքային զիջումների հնարավորության մասին ուղիղ հարցին ի պատասխան՝ նախագահ Զելենսկին նշել է, որ «նման հարցով ոչ ոք պաշտոնապես ոչինչ չի առաջարկել Ուկրաինային», և կառավարությունը, ըստ Ուկրաինայի սահմանադրության, չի կարող ինչ-որ մեկին տարածք տալ։ «Որպեսզի դա տեղի ունենա, ուկրաինացի ժողովուրդը պետք է դա ցանկանա»,- հավելել է նա։
Զելենսկին ավելի վաղ արդեն կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանը պետք է ներկայացված լինի խաղաղության երկրորդ գագաթնաժողովում։ ԱՄՆ-ում հայտարարել էին, որ աջակցում են այդ գաղափարին, եթե Ուկրաինան ինքը ցանկանում է դա։
Ենթադրվում է, որ խաղաղության գագաթնաժողովը կկայանա մինչև տարեվերջ։ Bloomberg-ը գրել էր, որ Ուկրաինան նախատեսում է այդ հանդիպումն անցկացնել մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, որոնք կկայանան նոյեմբերի 5-ին:
Մոսկվան դեռ պաշտոնապես չի արձագանքել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ «անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»:
Լուսանկարը՝ Sedat Suna/Getty Images
Մեկնաբանել