
ԱՄՆ-ն ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը հայ-թուրքական սահմանին։ Այդ մասին թուրքական Anadolu գործակալությանը հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։
«Մենք ողջունում ենք հանդիպումը։ Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կդիտարկի դրական քայլ՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը։
«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում, և մենք վճռական ենք աջակցելու այդ գործընթացին: Ժամանակն է խաղաղության»,- հավելել է նա՝ պատասխանելով նաև հայ-ադրբեջանական կարգավորման մասին հարցին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 30-ին հանդիպել էին սահմանին եւ հաստատել առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու մտադրությունը:
Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել