
Դատարանը բավարարել է «Հետք»-ի հայցն՝ ընդդեմ ԲՏԱ նախարարության
Վարչական դատարանը բավարարել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի (hetq.am) հայցը և պարտավորեցրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնք 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարության որոշմամբ ստացել են պետական աջակցություն։
Դատարանը նաև որոշել է ԲՏԱ նախարարությունից հօգուտ «Հետաքննող լրագրողների» բռնագանձել 10 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրք և 40 հազար դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցում։
2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը որոշում ընդունեց պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Աջակցության անհրաժեշտությունը բացատրվեց ընկերությունների կրած վնասներով, որոնք առաջին հերթին դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորման հետևանքով են առաջացել։
Դեռևս 2023-ի փետրվարից Կառավարությանն ու ԲՏԱ նախարարությանը ուղարկած հարցումներով «Հետքը» խնդրել է տրամադրել աջակցություն ստացած ընկերությունների ցանկը։ Պատասխանել էին, որ հայտերը դեռևս ուսումնասիրվում են։
Ընդ որում՝ դրան հաջորդել են այլ հարցումներ ևս, որոնց ի պատասխան նախարարությունից այդպես էլ չեն տրամադրել պետական բյուջեի հաշվին աջակցություն ստացած ընկերությունների ցանկը։
- 10 մլրդ դրամը դեռևս չի փոխանցվել ՏՏ ընկերություններին. կառավարություն
- Ժամանակն է ՏՏ ոլորտը փոխանցել Սոցապ նախարարության խնամակալությանը
- ՏՏ ոլորտին տրամադրված 10 մլրդ դրամ աջակցության հետքերով
Նախ պատճառաբանում էին, թե հայտերը դեռևս ուսումնասիրում են, հետո՝ որ ոչ բոլոր ընկերությունների հետ են պայմանագրերը կնքված։ Հարցումներից մեկին ի պատասխան՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը ուղիղ նշել է, որ ընկերությունների ցանկը և նրանց ստացած աջակցության չափի մասին տեղեկություններն առևտրային գաղտնիք են պարունակում։
Չստանալով անհրաժեշտ տեղեկությունները՝ «Հետք»-ը դատական հայց է ներկայացրել ԲՏԱ նախարարության դեմ։
Այդ ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Ռոբերտ Խաչատրյանն էր։
Հիշեցնենք, որ չնայած ԲՏԱ նախարարությունը հրաժարվում էր ներկայացնել ցանկը, «Հետք»-ին հաջողվել է բաց աղբյուրից՝ Ֆինանսների նախարարության Armeps համակարգից, որտեղ հրապարկվում են Կառավարության և մյուս պետական մարմինների պայմանագրերը, գնումները և այլ պաշտոնական տեղեկություններ, հավաքագրել այս որոշման շրջանակներում աջակցություն ստացածների պայմանագրերը։
Պարզվել էր, որ աջակցություն են ստացել այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Պիկսարտ»-ը (Pics Art) և «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ը (Energize Global Services) ստացել են յուրաքանչյուրը 400 միլիոն դրամ (1 մլն ԱՄՆ դոլար) աջակցություն։
- Աջակցություն ստացածների ցանկը, որը ԲՏԱ նախարարությունը փորձում էր գաղտնի պահել. Picsart, Krisp, DG և այլն
- VMware, NVIDIA, Sportion. աջակցություն ստացած ՏՏ ընկերությունների նոր ցանկը
Դատարանի վճիռը հրապարկվել է 2024 թվականի հուլիսի 29-ին։
Մեկնաբանել