
Ֆրանսիայում ձախերն առաջարկում են վարչապետի պաշտոնում առաջադրել Լյուսի Կաստեի թեկնածությունը
Ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը, որը Ֆրանսիայում խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ զբաղեցրել էր առաջին հորիզոնականը, վարչապետի պաշտոնում առաջարկել է տնտեսագետ, Փարիզի քաղաքապետարանի ֆինանսների կառավարման բաժանմունքի ղեկավար Լյուսի Կաստեի թեկնածությունը։ Այդ մասին հայտարարել է դաշինքի մաս կազմող «Եվրոպա-Բնապահպանություն-«Կանաչներ»» կուսակցության առաջնորդ Մարին Տոնդելիեն։
««Նոր ժողովրդական ճակատ»-ը վարչապետի պաշտոնում ընտրել է Լյուսի Կաստեի թեկնածությունը։ Մեր բոլոր չորս քաղաքական ուժերը եկել են փոխհամաձայնության»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Տոնդելիեն։
Lucie Castets choisie par le NFP: "Emmanuel Macron, depuis le début, nous a sous-estimés", affirme Marine Tondelier (Les Écologistes) pic.twitter.com/nhSPQAbtuB
— BFMTV (@BFMTV) July 23, 2024
Ինչպես նշվում է «Նոր ժողովրդական ճակատ»-ի հայտարարությունում, վարչապետի պաշտոնում Կաստեի նշանակման մասին առաջարկությունն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիտարկմանը։
Կաստեն ավարտել է Կառավարման ազգային դպրոցը, աշխատել Փարիզի քաղաքապետարանում։ Նա դարձել է «Նոր ժողովրդական ճակատ»-ից վարչապետի երրորդ թեկնածուն։ Մինչ այդ դաշինքն այդ պաշտոնում առաջադրել էր Ռեյունյոն դեպարտամենտի ղեկավար Յուգետ Բելոյի և Կլիմայի պահպանության եվրոպական հիմնադրամի ղեկավար Լորանս Տուբիանայի թեկնածությունը, սակայն այդ թեկնածություններից և որևէ մեկը չի դիտարկվել Մակրոնի կողմից։
«Նոր ժողովրդական ճակատ»-ի կազմում են Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Չենթարկվող Ֆրանսիա» շարժումը և «Եվրոպա-Բնապահպանություն-«Կանաչներ»» կուսակցությունը։
Լուսանկարը՝ humanite.fr-ից
Մեկնաբանել