
Արարատում կեղտաջրերի մաքրման կայան կառուցելու համար մոտ 300 մլն դրամ կհատկացվի
Արարատ համայնքում կեղտաջրերի մեխանիկական և կենսաբանական մաքրման կայան կկառուցվի։ Նախատեսվում է կայանի շինարարությունն ամբողջությամբ ավարտել 2025թ․-ին, ի սկզբանե նախանշվող ժամկետը 2024թ․-ն էր, սակայն ծրագրի ընդգրկուն և ժամանակատար լինելու պատճառով այն երկարաձգվել է մինչև մյուս տարի։ Համաձայն Արարատ համայնքի 2025թ. բնապահպանական ծրագրի՝ կառուցվող կայանում կեղտաջրերը մաքրվելու են այնպես, որ հնարավոր լինի դրանք օգտագործել որպես ոռոգման ջուր։ Կեղտաջրերի մաքրման կայանը (ԿՄԿ) սպասարկելու է Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանը (Զոդ Բանավան)՝ մոտ 6000 բնակչությամբ և Արարատ գյուղի մի մասը՝ մոտ 4000 բնակչությամբ։
Մաքրման կայանի նախագծման աշխատանքները կատարել է ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ոլորտում մասնագիտացած «Ջինջ» ընկերությունը։ Այս տարվա հունիսի 10-ին Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել կայանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությանը, ինչն էլ նշանակում է, որ շինարարությունն արդեն կարելի է սկսել։ Մաքրման կայանը զբաղեցնելու է մոտ 0,9 հա տարածք, որը գտնվում է Արարատ քաղաքի նախկին ԿՄԿ-ի հարևանությամբ։ Այս տարվա մայիսի 31-ի Արարատ համայնքի ավագանու որոշմամբ՝ տարածքի նշանակությունը, որտեղ կառուցվելու է կայանը, փոփոխվել է՝ գյուղատնտեսական արոտավայրից դառնալով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նշանակության։
«Եթե Կառավարությունը հաստատի սուբվենցիոն ծրագիրը ու շինարարությունը սկսենք, կարծում եմ՝ հնարավոր կլինի կայանի կառուցումն ավարտել 2025-ին։ Հույս ունենք՝ այն շուտ կհաստատվի, և արդեն գործնական փուլ կմտնեն աշխատանքները,- ասում է «ՋԻՆՋ» ընկերության հիմնադիր տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը,- սա կլինի առաջին կենսաբանական մաքրման կայանը երկրում և օրինակելի մոդել մյուս համայնքների համար»։
Ծրագրի բաղկացուցիչ մաս է նաև ջրահեռացման կոլեկտորների վերակառուցումը, առանց որոնց մաքրման կայանը չի կարող գործարկվել։ Կեղտաջրերը մաքրման կայան հասցնելու համար անհրաժեշտ են ջրահեռացման կոլեկտորներ և պոմպակայան։ Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 300 մլն դրամ է, որից մոտ 200 մլն դրամը տրամադրում է պետությունը՝ որպես սուբվենիցա, համայնքն էլ իր հերթին 2024-2025թթ. բնապահպանական ծրագրերով համապատասխանաբար տրամադրում է 70 մլն և 30 մլն դրամ։
Մոտ 10 հզր մարդու համար նախատեսվող կայանի արտադրողականությունը հաշվարկվել է օրական 1980 մ3/օր, մինչդեռ համեմատության համար կարելի է նշել, որ Արարատ քաղաքի նախկին ԿՄԿ-ն, որը գործել է մինչև 1990-ական թվականները և սպասարկել նաև Վեդի քաղաքը, օրական կարող էր ընդունել մինչև 28,2 հզր մետր խորանարդ կեղտաջուր։
Մաքրման կայանի նախագծային փաստաթղթերով նախատեսվում է կայանի տարածքում կառուցել ճաղավանդակներ, որոնք կորսան խոշոր աղբը, առաջնային, երկրորդային և օդավորվող պարզարաններ, բնական օդավորմամբ առվակային համակարգ, տիղմի ջրազրկման և օդամղիչների շենք, ավազի և տիղմի հրապարակների կառուցում։
Արարատում կառուցվող կեղտաջրերի մաքրման այս կայանը Հայաստանում կլինի առաջինը, որը նաև իրականացնում է կենսաբանական մաքրում, այսինքն՝ օդավորման միջոցով ոչնչացվում են ջրում եղած վնասակար բակտերիաները։ Մնացած 6 մաքրման կայանները՝ Դիլիջանում, Ջերմուկում, Գավառում, Վարդենիսում, Մարտունիում և Երևանում իրականացնում են միայն մեխանիկական մաքրում։ Մասնակի կենսաբանական մաքրում է իրականացնում Փարաքար գյուղում գտնվող բիո լճակը։
Դեռևս նախորդ տարի Արարատի մարզպետարանից «Հետք»-ին հայտնել էին, որ Արարատ քաղաքի և Արարատ գյուղի կեղտաջերը լցվում են մաքրման նախկին կայանի տարածք՝ այսինքն՝ բաց միջավայր։ Մարզի մյուս բնակավայրերի դեպքում կեղտաջրերը հիմնականում լցվում են դրենաժները, Վեդի և Արաքս գետեր, որոշ դեպքերում՝ նաև անհատական հորեր։ Այս պատկերը շարունակվում է մինչև այսօր։ Կոյուղաջրերի խնդիրը հատկապես սուր արտահայտված է մարզի Մասիս համայնքում։
Կարդացեք նաև՝
Գլխավոր լուսանկարում՝ Արարատի ԿՄԿ-ի նախագծային հատակագիծը, լուսանկարը տրամադրեց Էդուարդ Մեսրոպյանը
Մեկնաբանել