
Գերմանիայի հավաքականը «Եվրո-2024»-ի քառորդ եզրափակչում է
Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ․ առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Գերմանիայի ազգային հավաքականը 2։0 հաշվով պարտության մատնեց Դանիայի ընտրանուն և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց։ Հանդիպումը տեղի ունեցավ Դորտմունդի մարզադաշտում։
Խաղի երկու գոլերն էլ խփվեցին երկրորդ խաղակեսում։ Նախ 53-րդ րոպեին Կայ Հավերցը 11-մետրանոցից բացեց հաշիվը, ապա 68-րդ րոպեին էլ Ջամալ Մուսիալան կրկնապատկեց գերմանացիների առավելությունը՝ դնելով հանդիպման վերջակետը։
Քառորդ եզրափակիչ փուլում Գերմանիայի ազգային ընտրանու մրցակիցը կլինի Իսպանիա - Վրաստան զույգի հաղթողը։
Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչի՝ հունիսի 29-ին կայացած մեկ այլ խաղում Շվեյցարիան 2։0 հաշվով առավելության էր հասել Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ փուլ։
Հունիսի 30-ին տեղի կունենա 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում․ Երևանի ժամանակով 20։00-ին՝ Անգլիա-Սլովակիա, 23։00-ին՝ Իսպանիա-Վրաստան։
Մեկնաբանել