
Արտասահմանցի ֆուտբոլիստներն ավելի արտոնյալ են, քան սիրիահայ հայրենադարձները (վիդեո)
Սիրիայում ճգնաժամը հասել է գագաթնակետին: Ապստամբների կողմից սպանվել են երկրի պաշտպանության նախարարն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Տեղի հայ համայնքը, որը մոտավոր հաշվարկներով կազմում է ավելի քան 30 հազար մարդ, հայտնվել է դժվարին իրավիճակում, քանի որ սատարում է կառավարությանը:
Ստեղծված իրավիճակում բազմաթիվ սիրիահայեր, ովքեր չեն ցանկանում իրենց կյանքը վտանգել իրենց հետ կապ չունեցող կռիվներում, բռնել են հայրենադարձության ուղին: Սակայն այստեղ նույնպես նրանք բախվում են խոչընդոտների՝ այնտեղից, որտեղից առաջին հերթին աջակցություն էին ակնկալում՝ հայրենիքից, Հայաստանի Հանրապետությունից: Վերջին տասնամյակներում Հայաստանից միայն արտագաղթն է մեծ տեմպերով առաջ գնում, իսկ սիրիահայերը ցանկանում են վերադառնալ իրենց պատմական հայրենիք, չնայած հնարավորություն ունեն առավել արտոնյալ պայմաններով որպես փախստական ապաստարան գտնել այլ երկրներում: «Հայազն» հասարակական կազմակերպության անդամների խոսքով, Հայաստանի կառավարությունը ներգաղթյալներին գրեթե ոչ մի արտոնյալ պայմաններ չի տրամադրում իրենց գոյությունն այստեղ ապահովելու համար: Նույնիսկ հայկական միակ ավիափոխադրողը՝ «Արմավիան», ընդհակառակը, փորձում է օգտվել հայրենակիցների անելանելի վիճակից և թանկ գներով ավիատոմսեր է վաճառում ներգաղթյալներին: «Հայազնի» ներկայացուցիչները սիրիահայերի հետ անձնական շփումների արդյունքում պարզել են, որ վերջիններս նախընտրում են զբաղվել գյուղատնտեսությամբ, և նրանցից շատերը ցանկություն են հայտնել բնակություն հաստատել ազատագրված Արցախում և շենացնել այնտեղի ամայի հողերը:
Իրենց բաց նամակն ի պաշտպանություն սիրիահայ ներգաղթյալներին, «Հայազնի» անդամներ Արմեն Մկրտչյանը և Դավիթ Խոսրովյանը ներկայացրել են կառավարություն: Այնուհետև երթով շարժվել դեպի սփյուռքի և արտաքին գործերի նախարարություն: Նամակով նրանք պահանջում են սիրիահայերին գոնե սկզբնական շրջանում ապահովել կացարանով, տրամադրել որոշակի արտոնություններ ուսման մեջ, աշխատանքի հարցում:
Սիրիահայ Անդրանիկ Վարդանյանի կարծիքով, Հայաստանը պարտավոր է աջակցել ոչ միայն հայրենադարձներին, այլ նաև Սիրիայի 30 հազարանոց համայնքին, որը միշտ եղել է Հայաստանի կողքին:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել