HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի անկախության ճանաչմանը

Պաղեստինի անկախությունը ճանաչելու Երևանի որոշումը բացասական ազդեցություն կունենա Իսրայելի հետ նրա հարաբերությունների վրա։ Այդ մասին հայտարարել է հրեական պետության վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ 

«Հայաստանի կողմից պաղեստինյան պետության ճանաչումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների ու մարդասպանների համար: Այս քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- տելեգրամյան իր ալիքում գրել է իսրայելցի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը։

«Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ:

Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները»,- ասված էր ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Կեսօրին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ հայ դեսպանին «խիստ նկատողություն հայտարարելու համար»։

Դեռ մայիսի 22-ին եվրոպական երեք երկրներ՝ Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան, պաշտոնապես հայտարարեցին, որ ճանաչում են Պաղեստինի անկախությունը։ Այդ որոշումն ուժի մեջ մտավ մայիսի 28-ին։ Փոխարենը Պաղեստինի անկախությունը հրաժարվել է ճանաչել Դանիան, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սլովենիան ևս կճանաչի Պաղեստինի անկախությունը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ այս քայլի միակ նպատակը «օգնել իսրայելցիներին և պաղեստինցիներին հասնել խաղաղության»: Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն էլ հիշեցրել էր, որ Նորվեգիան ավելի քան 30 տարի եղել է «պաղեստինյան պետության ամենավճռական կողմնակիցներից մեկը»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս որոշումներն անվանել էր «ահաբեկչության համար ընծա» ու հետ կանչել այդ երկրներից Իսրայելի դեսպաններին։

Լուսանկարը՝ Moshe Gold-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter