
Իսկ Նովոն հրաժարական կտա՞
Հուլիսի 18-ին զենքի սպառնալիքով ավտոմեքենա առևանգելու կասկածանքով ձերբակալվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովո) որդին` Արտակ Գևորգյանը: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` Արտակ Գևորգյանը դուրս է եկել իր կողմից վարվող «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից ու զենքի սպառնալիքով խլելով Վիրաբ Ա.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, հեռացել դեպքի վայրից: Հարուցվել է քրեական գործ:
Սա Նովոյի որդու հետ առնչվող առաջին նման հանցագործությունը չէ: Անցած տարի հոկտեմբերին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ պատգամավորի որդին ու եղբորորդին ծեծի են ենթարկել Արմավիր-Երևան երթուղայինի մի վարորդի` պահանջելով, որ նա չաշխատի այդ գծում: Ու չնայած տեղի ունեցածի մասին տեղեկացված է եղել նաև Արմավիրի ոստիկանությունը, սակայն պատգամավորի որդին և եղբորորդին այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Ավելին` Նահապետ Գևորգյանը կտրականապես հերքել էր, որ նման դեպք տեղի է ունեցել:
Ըստ էության` Արտակի երկրորդ, շատ ավելի լկտի գործողությունները պայմանավորված են եղել իր կատարած նախորդ հանցագործության համար հոր անմիջական միջամտությամբ պատասխանատվության չենթարկվելու համար: Եվ կատարվածի հասարակական նշանակությունը պետք է դիտարկել ոչ թե առանձին վերցրած այս խուլիգանական արարքի, այլ երկու հանցագործությունների շղթայի համատեքստում, որից պարզ է դառնում, որ գործ ունենք կրկին նույն երևույթի` անպատժելիության և դրա արդյունքում մարդու կրած`տվյալ դեպքում նյութական կորստի հետ:
Արտակի գործողությունների արդյունքում մարդ չի մահացել: Սակայն իր բնույթով, պատճառահետևանքային կապերով այն ոչնչով չի տարբերվում հունիսին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի դեպքերից, որոնց հետևանքով սպանվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: «ՎԱԶ 2106»-ի վարորդը Արտակ Գևորգյանի կողմից չի գնդակահարվել, ըստ էության, միայն հնազանդվելու և զենքի սպառնալիքի տակ ավտոմեքենան ինքնակամ հանձնելու բավարար խելամտություն ունենալու պատճառով: «Հարսնաքարում» իր բանդիտներին մարդ ծեծելու արտոնությունը, ուղղակի թե անուղղակի, տվել էր հայտնի օլիգարխ, ՀՀԿ ական Ռուբեն Հայրապետյանը, այս դեպքում` իր որդուն նման խուլիգան է սարքել կայացող օլիգարխ, կրկին ՀՀԿ-ական և կրկին պատգամավոր Նահապետ Գևորգյանն ով իր կոպտությամբ ու բռիությամբ նույնիսկ գերազանցում է Հայրապետյանին:
Այս դեպքից հետո արդեն ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը վերածվում է հանցագործությունների բուծարանի, և անկախ ամեն ինչից չի կարող խուսափել դրա քաղաքական պատասխանատվությունից: Նահապետ Գևորգյանը նույնչափ արհամարհել է յուրայինների գործողությունների համար պատասխան տալու մասին կուսակցության ղեկավարի, երկրի նախագահի հորդոր-պահանջը, որքան Ռուբեն Հայրապետյանը: Սակայն վերջինս գոնե հրաժարական տվեց` այդպիսով գոնե տեղի ուենցածի համար բարոյական պատասխանատվությունը վերցնելու քաջություն ունենալով: Ի՞նչ է անելու ըստ այդմ Նովոն, ով մանդատից հրաժարվելու գուցե ավելի ծանրակշիռ պատճառ ունի, որովհետև խոսքը վերաբերում է ոչ թե թիկնապահի, այլ իր իսկ դաստիարակած որդու և նրա համար ուղղակի ունեցած պատասխանատվության մասին:
Սա այն դեպքն է, երբ որևէ տարբերակում հնարավոր չէ դնել. հնարավոր չէ շարունակել կենտրոնանալ միայն Ռուբեն Հայրապետյանի վրա` ելնելով միայն այն բանից, որ նրա գործոնի ազդեցությամբ տեղի ուենցած հանցագործության հետևանքով մարդ է սպանվել, Նովոյի դեպքում` ոչ: Այս տեսակետից թե հրաժարական տալու և թե առհասարակ իրավական, քաղաքական ու բարոյական պատասխանատվություն կրելու հանրային պահանջը պետք է ներկայացնել նաև այս դեպքի հետ կապված, որովհետև միայն այս դեպքում է, որ Վահե Ավետյանի սպանությամբ սկսված հանրային շարժումը իմաստ ու տարողություն կունենա:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել