
Ստամբուլի «օրենքից դուրս» հայերը
«Հովիկ Շահինյան - տասներկու տարեկան:
Էլիզա - Հովիկի հորաքույրը:
ժաննա - Հովիկի քույրը, տասնհինգ տարեկան:
Բազկաթոռին գամված Հակոբը` Հովիկի հայրը, երկրորդ կարգի հաշմանդամ է, հազիվ է շարժվում»:
Այսպես տասը օր շարունակ նոթատետրում նշումներ էի անում Ստամբուլում հայաստանցիների, պոլսահայերի, թուրքերի, քրդերի հետ հանդիպումների ընթացքում կամ հետո:
Հայաստանցիների հիմնական մասը տեղավորվում են Ստամբուլում, այստեղ աշխատանք գտնելը ավելի դյուրին է, քան ուրիշ քաղաքներում: Մյուս կողմից էլ այստեղ պոլսահայեր կան, գործող եկեղեցիներ, դպրոցներ, սա եւս հայաստանցիներին այստեղ հավաքող գործոն է, չնայած սրա մասին չեն խոսում, բայց ենթագիտակցաբար այդպես է: Թուրքիայում գտնվող հայաստանցիների ճշգրիտ թիվը գիտեն միայն թուրքական հատուկ ծառայությունները:
Նրանք գիտեն բոլոր հայերի բնակության վայրերը. «Մի քանի ժամում, եթե ուզենան, կհավաքեն բոլորին»,- ասում է արդեն տասներեք տարի Ստամբուլում բնակվող Արայիկը: Նա այստեղ գտնվելու տարիներին բազմիցս առնչվել է ոստիկանությանը: Արայիկը ամիսը մեկ անգամ մեկնում է Մոսկվա, որպեսզի վիզայի ժամկետը չխախտի, դուրս է գալիս երկրից, հաջորդ օրը վերադառնում:
Հայերի մի մասն Արայիկի պես է վարվում, մյուսները Վրաստան են գնում, սահմանը հատում, մի քանի ժամ հետո նորից վերադառնում: Այնուհանդերձ, հայաստանցիների հիմնական մասն ապօրինի է այստեղ գտնվում: Էրդողանն էլ պարբերաբար սպառնում է հայերին վռնդել:
Նա այդ հայերին կարծես «պատանդ» է համարում եւ անհրաժեշտության դեպքում հիշեցնում նրանց մասին: Էրդողանն այդ հայաստանցիներին ավելի շատ է հիշում, քան Հայաստանի որեւէ պաշտոնյա: Եւ մայիսի սկզբին, երբ սփյուռքի նախարարը Ստամբուլում հանդիպեց պոլսահայերին, այստեղ բնակվող հայստանցիները նեղսրտել էին:
«Եկել է Ստամբուլ, մեր դպրոցում մոտ ութսուն աշակերտ կա, թող գար տեսներ ինչպես ենք այստեղ գոյատեւում»,-ասաց ոչ օրինական գործող դպրոցի` Թուրքիայում ոչ օրինական գտնվող ուսուցչուհին: Հրանուշ Հակոբյանին Ստամբուլի հայաստանցիներն, իսկապես, չեն հետաքրքրում: Նրանք «Արի տուն» ծրագրին բնավ չեն համապատասխանում: Ի՞նչ պետք է նրանց ասեր նախարարը, չէր էլ կարող ասել` վերադարձեք տուն:
Իսկ եթե հանկարծ նման բան ասեր, գյումրեցի տասնյակ ընտանիքներ կհիշեցնեին քսան տարի դոմիկներում ապրելու, երեխաներին սոված քնեցնելու մասին: Մի խոսքով, սփյուռքի նախարարի այցելությունը Ստամբուլ այնտեղի հայաստանցիների կյանքում որեւէ բան չէր կարող փոխել: Պոլսահայ էլիտայի կյանքում ինչ-որ աշխուժություն մտցրեց` նրանք մեդալներ եւ հուշագրեր ստացան: Նման հանդիպումները եզակի են պոլսահայերի կյանքում, նրանք շատ քիչ հայ պաշտոնյաների են հանդիպել Ստամբուլում, եւ այս առումով այն իրադարձություն էր համայնքի կյանքում:
12-ամյա Հովիկն ինձ հանգիստ չի թողնում, անընդհատ նրան եմ հիշում` թեյի սկուտեղը ձեռքին Ստամբուլի Կումկափի թաղամասի նեղլիկ փողոցներով քայլելիս: Այդ փողոցներից մեկում էլ հանդիպեցինք Հովիկին` թեյ էր հասցրել պատվիրողներին եւ դատարկ սկուտեղով վերադառնում էր խանութ, որի տերերը քրդեր են: Հովիկի հետ մեզ տեսնելով, լուսանկարչական ապարատն էլ` ձեռքներիս, քրդերը շփոթվել էին, նրանցից մեկը սկսեց կոպիտ խոսել տղայի հետ: Հովիկը թուրքերեն ինչ-որ բան կմկմաց: Մենք խնդրեցինք տերերին, որպեսզի թույլ տան Հովիկին լուսանկարել` թեյով սկուտեղը ձեռքին: Նրանցից մեկը բորբոքված տոնով մերժեց` ասելով, որ իր գլխին դա պատմություն կդառնա: Հետո Հովիկը զանգեց հորաքրոջը, քուրդը նրա հետ խոսեց, հետո հեռախոսը փոխանցեց մեզ:
Այդպես ծանոթացանք Հովիկի հորաքրոջ` Էլիզի հետ: Պայմանավորվեցինք Հովիկի հետ գնալ իրենց տուն: Արդեն մթնում էր, եւ Հովիկը, որ փողոցներն այդքան էլ լավ չգիտեր, տարբեր տեղերով պտույտներ տալով` մեզ մեկ ժամ հետո հասցրեց այն տունը, որտեղ ապրում էր նրա ընտանիքը: Փոքրիկ ֆաբրիկայի երկրորդ հարկում էր տունը, ներքեւում դեռ աշխատողներ կային:
Եղեռնից հետո աշխարհով մեկ սփռված հայերը տարբեր երկրներում այսպես մի անկյունում պատսպարվել ու գոյատեւում էին, ու հիմա` հարյուր տարի հետո, ջարդից մազապուրծ Հայաստան հասած մի ընտանիքի սերունդները վերադարձել են Թուրքիա` օրվա հացը վաստակելու:
Մեր զրույցից պարզվեց, որ այս ընտանիքի նախնիները Մարաշից են: Նրանք Սիրիա են գնացել, այնտեղից էլ` Հայաստան: Հայաստանը նրանց հնարավորություն չի տվել ապրելու, ու ընտանիքը լքել է երկիրը: Ես անընդհատ շեղվում եմ այս նյութը գրելիս եւ, չգիտեմ ինչու, ուզում եմ անպայման մեղավորներ գտնել հազարավոր հայաստանցիների` այստեղ հայտնվելու մեջ: Ես չեմ կարողանում դա չանել: Ինձ էլ եմ մեղավոր զգում Ստամբուլում աշխատող այն տասնյակ անչափահասների համար, որոնց մանկությունը հայրենիքը խլել է: Ես ինձ մեղավոր էի զգում, երբ քայլում էի Հովիկի հետեւից:
Հովիկն աշխատում է տասնմեկ տարեկանից: Ստամբուլի փողոցներում արդեն տարիուկես է` թեյ է մատուցում մարդկանց: Իսկ Հովիկի հետ իմ ծանոթության հաջորդ օրը Հրանուշ Հակոբյանը մեդալներ էր բաժանում այստեղ` Հովիկի աշխատատեղից մի քանի հարյուր մետր ներքեւ` պատրիարքարանի շենքում: Թեյի բաժակների համար հարմարեցված սկուտեղը թեթեւ պտտացնելով` Հովիկը քայլում էր քուրդ պատրոնի (տիրոջ) ուղղությամբ, որը խանութի դռան առաջ սպասում էր Հովիկի վերադարձին:
Սպասում էր տասներկու տարեկան հայ պատանուն, որն այլեւս դպրոց չի գնալու, որը հայերեն խոսելիս արդեն թրքերեն բառեր է գործածում:
Ու մտովի հետեւում եմ նրան, թե ինչպես է առավոտյան 7-ն անց 30-ին դուրս գալիս տնից ու քայլելով հասնում վտանգավոր համարվող Կումկափի թաղամաս, թեյնիկը դնում գազօջախին, որ թեյ մատուցի իրենց խանութների դիմաց նստած տղամարդկանց:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել