
Հատվող ծառեր, հառնող խանութներ
Վերջին կացնահարվածներից ծառը երերաց` ասես դող անցավ «մարմնով»: Հետո աղեկտուր մի ճռինչ արձակելով` հասակով մեկ փռվեց գետնին: Տապալվեց Հանրապետության պողոտան երիզող «նաիրյան դալար բարդիներից» ևս մեկը: Անկման պահին օդը թրատող սաղարթների խշշոցը մինչև հիմա ականջներիս մեջ է: Ասենք` ո՞ւմ համար սովորական չեն այսօրինակ տեսարանները: Մանավանդ` վերջին շրջանում, երբ «յուղոտ տեղերի» նվազմանը զուգընթաց` «Ծառաջարդ» գործողությունը սաստկանում է, որպես կանոն, մնալով միշտ անպատիժ: Եվ դա ոչ միայն Երևանին է հատուկ: Սույն ակնարկը Աբովյան քաղաքի մասին է:
Երբեմնի կանոնավոր, լավ խնամված ծառաշարքերն այժմ ծերունու` մեկընդմեջ թափված ակռաներով ատամնաշար են հիշեցնում: «Օղակայինից» սկիզբ առնող պողոտայի երկայնքով ոչնչացված ծառերի, սիզամարգերի ու կանաչ տարածքների տեղում խոյացել են խանութներ, տարբեր ճաշակի, չափի և նշանակության այլ շինություններ, վրանատիպ կրպակներ, որոնք սանտիմետր առ սանտիմետր առաջանալով` աջակողմյան մայթը վերածել են նեղ մի արահետի: Առայժմ` աջակողմյանը:
Իրար քսվելով, հրմշտելով մարդիկ մի կերպ` ինչպես «մազե կամրջով», անցնում են մայթի երկու կողմին խառնափնթոր թափված լայն տեսականու ապրանքների, գյուղմթերքների արանքով, զայրանում և զարմանում են, թե այս ինչպես ու երբ Աբովյանը կորցրեց իր դեմքը, դարձավ ասես արևելյան թշվառության մեջ ամփոփված խղճուկ մի վրանաքաղաք: Այն Աբովյանը, որի կոկիկ ու մաքուր փողոցներով, ինքնատիպ հատակագծով մի ժամանակ հպարտանում և հիանում էին «մերոնք ու այլերը»:
Զայրանալը հասկացանք, բայց զարմանալ պետք չէ. քաղաքը պարզապես տեր չունի: Ինչպես նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանի օրոք էր, ներկայում ևս ծառապատ, կանաչ տարածքները դրվում են տարատեսակ շինությունների տակ` քաղաքի ճարտարապետական տեսքն աղճատելու գնով: Գործող քաղաքապետ Կարո Գուլոյանը նույնպես չի առանձնանում իրավիճակն ինչ-որ կերպ շտկելու, օրինակ` թեկուզ առևտուրը քաղաքակիրթ տեսքի բերելու առումով: Էլի ծառեր են տապալվում, էլի մայթերի վրանային տեսքը յայլա է հիշեցնում: Միայն գառների մայունն է պակասում ու մեկ էլ յափնջու մեջ փաթաթված պատանի հոտաղի սրնգի դայլայլը:
Հասկանալի պատճառով Աբովյանում ընդունված չէ քաղաքապետի անգործության մասին բարձրաձայն խոսել: Մարդիկ ավելորդ գլխացավանք չեն ուզում: Բայց իրականում ավագ Կարոյի թողած տխուր ժառանգությունից կրտսերն առանձնապես ոչինչ չի փոխել: Միակ տեսանելի գործը, որ պաշտոնավարման երեք տարվա ընթացքում ժողովրդի համար արել է Գուլոյանի թիմը, քաղաքում նոր ջրագծեր անցկացնելն է, ինչի շնորհիվ որոշ թաղամասերում ջրամատակարարումը զգալապես բարելավվել է: Մնացյալ «ավանդույթը»` սկսած բակերի ու փողոցների անհրապույր տեսքից, խանութատեղիների առուծախից մինչև էլեկտրաէներգիայի գրեթե ամենօրյա անջատումներ, սրբորեն պահպանվում է:
Իր քաղաքին սիրահարված աբովյանցին անգամ «մութ ու ցուրտ» տարիներին փողոցում ծառ չէր կտրում: Բայց հիմա այդ սիրուց փշրանքներ են մնացել, քանի որ նա այսօր հուսախաբ է. ոչ քաղաքապետարանում և ոչ էլ Կոտայքի մարզպետարանում չկա սրտացավ մեկը, ով մտածի մեծն լուսավորչի անունը կրող քաղաքի երբեմնի վեհաշուք տեսքը, հռչակն ու հպարտությունը վերադարձնելու մասին:
Կար ժամանակ` Աբովյան-Բալահովիտ ճանապարհահատվածի երկու կողմերը երիզված էին շքեղ ու փարթամ ծառերով, որոնք ծանրագույն 80-90-ականներին վառարաններում դարձան հրո ճարակ: Հետագայում գրեթե հողի երեսի հետ հավասար կոճղերն ընձյուղներ տվեցին, և տարիներ անց մայր բնությունն ինքը ուղղեց մարդու գործած սխալը` վերականգնելով նրա ձեռքով կործանված դալար ծառուղին: Շիվերը մեծացան, դարձան ծառեր և կրկին իրենց շուքը տարածեցին աջ ու ահյակ: Հիմա էլ ինչքի, անհագուրդ շահի նոր ակունքներ որոնող մարդու աչքը կպավ հրաշքով հարություն առած այդ մի ծվեն ծառաստանին: Ու դարձյալ փութով գործի դրվեցին կացինն ու սղոցը:
Երեկ այդտեղով անցնելիս` կողքս նստած տարեց մարդը ավտոբուսի լուսամուտից տխուր նայեց, նայեց ծառերից մաքրված և արդեն կառուցապատման հևքի մեջ մտած տեղանքին, գլուխն օրորեց ու միայն մի բառ շշնջաց` «բարբարոսներ»: Տեսնես ո՞ւմ էր ուղղված: Չհարցրի: Չուզեցի ցավը փորփրել: Իսկ արմատախիլ արված ծառերի տեղում պատերն արդեն երկու մարդաբոյ բարձրացել էին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել