
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Այդ մասին փոխանցում են վրացական լրատվամիջոցները։
Օրինագծի երրորդ ընթերցման ժամանակ դրան կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Դեմ քվեարկած պատգամավորների թիվն էլ 30 է: Օրենսդրական նախագծի համաձայն՝ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնց արտասահմանյան ֆինանսավորումը կազմում է տարեկան եկամտի ավելի քան 20 տոկոսը, պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպություններ»:
Նրանք պետք է լրացնեն տարեկան ֆինանսական հայտարարագիր, իսկ այն կառույցները, որոնք կփորձեն խուսափել դրանից, կվճարեն 25 հազար լարիի չափով (մոտ 9 500 ԱՄՆ դոլար) տուգանք:
Խորհրդարանում վիճահարույց այս օրինագծի քննարկումը տեղի է ունեցել Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ֆոնին, որոնք հաճախ ավարտվում են ցուցարարների և ոստիկանության բախումներով և ձերբակալություններով:
Հենց խորհրդարանում երեքշաբթի օրը կրկին գործի էր դրվել, այսպես կոչված, դեղին մակարդակը։ Նիստին թույլատրվում էր մասնակցել միայն հեռուստաալիքների նկարահանող խմբերին։ Սա այն դեպքում, երբ տպագիր և ինտերնետ լրատվամիջոցների լրագրողները այդպես էլ չկարողացան մասնակցել նիստին։
Նույն կանոնները գործում էին նաև օրինագծի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկումների ժամանակ։
🇬🇪 A fight broke out in the Georgian parliament between ruling party MPs and opposition members during the discussion of the law on "foreign agents", local media report.
— NEXTA (@nexta_tv) May 14, 2024
The parliament session was interrupted. pic.twitter.com/MK8uPwlDJO
Օրինագծի քննարկումը դարձյալ անցել է թեժ մթնոլորտում։ Ավելին, ծեծկռտուք է եղել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Բախման պատճառ է դարձել Լևան Խաբեիշվիլիի ելույթը, որը Վրաստանի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդն է։ Վերջինս իր ելույթում մեղադրանքներ էր ներկայացրել իշխող կուսակցությունից Դմիտրի Սամխարաձեի հասցեին։ Վերջինս, ի պատասխան, շիշ է նետել, ինչի պատճառով էլ ծեծկռտուք է սկսվել։
Mtavari TV-ն գրում է, որ դրանից հետո պատգամավոր Ռիմա Բերաձեն թղթերի կապոց է նետել պատգամավոր Պաատա Մանջգալաձեի ուղղությամբ։ Դրա պատճառով նիստը ժամանակավորապես դադարեցվել էր, իսկ ավելի ուշ՝ վերսկսվել։
Լուսանկարը՝ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության
Մեկնաբանել